«Հույների և հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս». ամերիկյան «Սպանություններ մեկ շենքում» հեռուստասերիալում թուրքերին մեղադրող արտահայտություններ են հնչել

19:17 • 24.09.21

Ամերիկյան Hulu ինտերնետային հեռուստաալիքով ցուցադրվող «Սպանություններ մեկ շենքում» (Only Murders in the Building) սերիալում անդրադարձ է կատարվել հայերի և հույների ցեղասպանությանը:

Ինչպես ներկայացնում է geekgirlauthority.com կայքը, հեռուստասերիալի դրվագներից մեկում գլխավոր հերոսներ Օլիվերն (Մարտին Շորթ) ու Չարլզն (Սթիվ Մարտին) այցելում են իրենց ծանոթներից մեկին՝ Թեդիին, որը վերջիններիս պատմում է իր նախնիների պատմությունը:

Թեդին ազգությամբ հույն է: Նա պատմում է իր տատի պատմությունը, որը փրկվել է Հայոց և հույների ցեղասպանության ժամանակ. «Հույների և հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս։ Իմ մեծ տատիկը՝ Էվանգելիան, երիտասարդ կին էր, երբ թուրքերն սկսել են կոտորել հույներին»:

Հեռուստասերիալում գործածված այս արտահայտությունները վրդովմունքի և քննարկման առիթ են դարձել թուրքական ԶԼՄ-ներում։ Նշենք, որ ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես է եկել նաև Սելենա Գոմեսը:

 

«Հույների և հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս». ամերիկյան «Սպանություններ մեկ շենքում» հեռուստասերիալում թուրքերին մեղադրող արտահայտություններ են հնչել