Թրամփը մտադիր է դատարանի միջոցով վերականգնել Twitter-ի իր օգտահաշիվը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հարցում է ուղարկել Ֆլորիդայի դաշնային դատարան՝ Twitter- ին ստիպելու ժամանակավորապես վերականգնել իր էջը, քանի դեռ նա դատի է տալիս հաշիվը ամբողջությամբ վերականգնելու համար, հաղորդում է Bloomberg-ը:
Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, ԱՄՆ նախկին նախագահի՝ Twitter-ի դեմ նախնական արգելքի միջնորդությունը ներկայացվել է ուրբաթ ուշ երեկոյան՝ Ֆլորիդայի դատարանում: Թրամփը կարծում է, որ Twitter-ն արգելափակել է իր հաշիվը Կոնգրեսում իր քաղաքական մրցակիցների ճնշման ներքո:
Թրամփը նաև պնդում է, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Twitter-ն անհիմն գրաքննության է ենթարկել իր թվիթները՝ դրանք նշելով որպես «մոլորեցնող տեղեկություններ» կամ մատնանշելով, որ դրանք, իբր, խախտում են ընկերության կանոնները և «խրախուսում բռնությունը»:
Գործակալության տվյալներով՝ Twitter-ը ոչ մի կերպ չի մեկնաբանել Միացյալ Նահանգների նախկին նախագահի հայտարարությունը:
ԱՄՆ նախկին նախագահի հաշիվները սոցիալական ցանցերում արգելափակվել են այս տարվա հունվարի 6-ին նրա աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից հետո: Նրա կողմնակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք՝ միջամտելու նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման ընթացակարգին:










