Սեմյուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» գիտական աշխատությունը թարգմանվել է հայերեն (տեսանյութ)

16:47 • 07.10.21

Ամերիկացի հանրահայտ աշխարհաքաղաքագետ, փիլիսոփա և պրոֆեսոր Սեմյուել Հանթինգթոնը երեսուն տարի առաջ գրեց «Քաղաքակրթությունների բախումը» գիրքը և վերլուծեց, որ քաղաքակրթությունների բախումը լրջագույն մարտահրավեր է համաշխարհային խաղաղությանը, հետևաբար՝ դրա այլընտրանքն ու պատերազմի դեմ ամենահուսալի պաշտպանը քաղաքակրթահեն միջազգային կարգերն են: Գիրքն իր ակտուալությունը չի կորցնում և արդեն մայրենիով հասանելի է հետազոտողների և այն ընթերցողիների համար, որոնք հետաքրքրված են աշխարհի քաղաքական խաղի կանոններով:

Թարգմանիչը քաղաքագետ Արմեն Մինասյանն է, որը նաև «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիրն է: Սա իրենց երկրորդ նախաձեռնություննն է: Առաջինը Հենրի Քիսինջերի «Աշխարհակարգ»-ն էր, որը լույս տեսնելուն պես մեծ պահանջարկ ունեցավ:

«Նախաձեռնել ենք «Գեոպոլիտիկա» մատենաշարը, որի շրջանակում նպատակ ունենք հայաֆիկացնել Հայաստանում հանրահռչակ և նաև անհայտ հեղինակների, ովքեր վերլուծում են համաշխարհային քաղաքական պրոցեսները, ովքեր կանխատեսում են այն վեկտորները, ուր աշխարհն է գնում»,- նշեց Արմեն Մինասյանը:

Շնորհանդեսի ընթացքում փորձագետները քննարկեցին աշխատության մի շարք դրվագներ, օրինակ, որ Հանթինգթոնը դեռևս 1996-ին անդրադարձ է կատարել Արցախյան հակամարտությանը ու կանխատեսումներ արել, թե եթե որպես երկրորդական մասնակիցներ ներգրավված երկու տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչները, այսինքն` Ռուսաստանն ու Թուրքիան գան կոնսենսուսի, ապա հակամարտության մեջ տեղի կունենա լուրջ տրանսֆորմացիա:

Նախաձեռնողները խոստացան հայ ընթերցողին մոտ պահել քաղաքագիտական գրականության համաշխարհային անցուդարձին, փնտրել, գտնել ու հայերեն թարգմանել լավագույները:

Մանրամասները` տեսանյութում:

Սեմյուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» գիտական աշխատությունը թարգմանվել է հայերեն (տեսանյութ)