Արեգակի վրա տեղի է ունեցել X կարգի հզոր բռնկում

11:42 • 29.10.21

Արեգակի վրա X կարգի արևային հզոր բռնկում է գրանցվել հոկտեմբերի 28-ի երեկոյան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Գիտությունների ակադեմիայի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում:

Բռնկումն սկսվել է Երևանի ժամանակով 19:17-ին և տևել է 31 րոպե: Իսկ ընդամենը երկու օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի է ունեցել 28 թույլ, միջին և ուժեղ բռնկումներ, նշվում է կայքում:

Լաբորատորիայի կայքում բռնկման ակտիվության ինդեքսը բարձրացված է մինչև «նարնջագույն» և միայն մի փոքր է մնացել մինչև «կարմիր մակարդակի» հասնելը: Բռնկումները պսակային նյութերի արտանետումներն են աստղի մակերևույթից: Արտանետման վայրից և ուղղությունից կախված՝ պլազմայի ամպը կարող է պատել Երկիրը կամ անցնել կողքով:

Առաջին դեպքում նման իրադարձությունները մագնիսային փոթորիկներ են առաջացնում Երկրի մագնիսոլորտում: ՌԻԱ Նովոստիին առայժմ չի հաջողվել լաբորատորիայի աշխատակիցներից մեկնաբանություններ ստանալ Երկրի համար Արեգակի վրա տեղի ունեցած բռնկման հետևանքների վերաբերյալ:

Արեգակի վրա տեղի է ունեցել X կարգի հզոր բռնկում