Microsoft-ի նախագահը մոլորակի փրկության համար «կանաչ» տեխնոլոգիաների ստեղծման մրցավազքը համեմատել է Լուսին ուղևորվելու հետ
Ամերիկյան Microsoft ընկերության նախագահ Բրեդ Սմիթն անդրադարձել է կլիմայական խնդիրների դեմ պայքարին՝ դրանց լուծման համար նոր տեխնոլոգիաների զարգացման մրցավազքը համեմատելով Լուսին մարդ ուղարկելու նախապատրաստման հետ:
Ինչպես փոխանցում է CNBC հեռուստաալիքը, նման համեմատություններ Սմիթն արել է Լիսաբոնում կայացած Web Summit տեխնոլոգիական համաժողովի շրջանակում: Վերջինս զուգահեռներ է տարել բնության պաշտպանության ոլորտում տիրող ներկա իրավիճակի և 1961 թվականի հետ, երբ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին հայտարարել էր, որ 10 տարվա ընթացքում երկիրը կգրավի Լուսինը: Ի դեպ, վայրէջք կատարելու համար նախատեսված մոդուլն այն ժամանակ դեռևս հայտնագործված չէր:
Microsoft-ի նախագահի խոսքով՝ մոլորակի փրկության համար անհրաժեշտ կանաչ տեխնոլոգիաների ստեղծումն առաջիկա տարիներին իրատեսական է, ինչպես հնարավոր է դարձել տիեզերական տեխնոլոգիաների կամ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը ռեկորդային ժամկետներում:










