Պուտինը խոսել է արհեստական բանականությունից և խորհուրդ տվել «իրականությունից չփախչել մետատիեզերք»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ արհեստական բանականությունը պետք է աշխատի ի շահ մարդու, այլ ոչ թե ի վնաս նրան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Արհեստական բանականության տեխնոլոգիաները իսկապես դարձել են մեր կյանքի մի մասը: Դրանք այսօր գրավիչ կետ են տաղանդավոր, ստեղծագործ մարդկանց համար, որոնք պատրաստ են երազել և հասնել իրենց նպատակներին»,- ասել է պետության ղեկավարը՝ ուրբաթ ելույթ ունենալով Artificial Intelligence (AI) Journey 2021 միջազգային համաժողովում։
Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ «կարևոր է, որ նման բեկումնային լուծումները, որոնք բացում են իսկապես անսահման հնարավորություններ, աշխատեն ոչ թե որևէ կերպ վնասելու, այլ ի շահ մարդու, օգնեն փրկել մոլորակը և ապահովեն նրա կայուն զարգացումը»:
Բացի այդ, նա նշել է, որ մետատիեզերքների հնարավորությունները պետք է օգտագործվեն հաղորդակցվելու և սովորելու համար՝ անկախ հեռավորությունից, բայց ոչ թե իրական աշխարհից այնտեղ փախչելու համար:
«Հիշեցնեմ, որ «մետատիեզերք» տերմինն առաջարկել է հայտնի ֆանտաստ գրողը երեք տասնամյակ առաջ, և նրա մտածածի համաձայն՝ մարդիկ իրական աշխարհի անկատարությունից փախել են, բառացիորեն փախել դրա (մետատիեզերքի) մեջ: Նման մոտեցումն այսօր չափազանց հոռետեսական կլիներ մեզ համար։ Կարծում եմ, որ այս ճանապարհով միանշանակ պետք չէ գնալ: Պետք է օգտագործել մետատիեզերքի հնարավորությունները, որպեսզի մարդիկ կարողանան շփվել, աշխատել, սովորել, համատեղ ստեղծագործական և բիզնես նախագծեր իրականացնել՝ անկախ նույնիսկ շատ մեծ հեռավորություններից»,-ասել է ՌԴ նախագահը:










