Փոքր Մհերը, Զորավար Անդրանիկը և Վանոն որոշում են սպանել վիշապին. լույս է տեսել Աղասի Ենոքյանի գիրքը (տեսանյութ)
Փոքր Մհերը, Զորավար Անդրանիկը և Վանոն որոշում են Հայաստանն ազատագրել վիշապից` չարից, իսկ գեներալն ու գնդապետը հակառակը՝ երկիրը կործանելու ծրագիր ունեն… Քաղաքագետ Աղասի Ենոքյանը միավորել է երևակայական գրվածքը, ավանդապատումն ու դետեկտիվը` գրելով «Սպանել վիշապին» հումորով համեմված գիրքը, որտեղ պարզ լեզվով խոսել է քաղաքագիտական մարդ-մեխանիզմների մասին:
«Ընտրություններից հետո մոտս խորհ-համոզմունք կար, որ մեր քաղաքացիները քաղաքական պրոցեսները լավ չեն պատկերացնում, այսինքն` գիտենք, որ մեր ժողովուրդը շատ է սիրում քաղաքականության մասին խոսել, բայց քաղաքականության մասին լսել կամ կարդալ չի սիրում: Սրանով փորձել եմ ավելի հեշտ մարսվող ձևաչափի մեջ մի շարք քաղաքական պրոցեսներ, տեսություններ ներկայացնել»,- Tert.am-ի հետ զրույցում ընդգծել է հեղինակը:
Գաղափարախոսությունն ու պատրանքը ճգնաժամի ժամանակ են ի հայտ գալիս: Գրքում սրա մասին վկայություններ կան, ինչպես նաև քաղաքականության մեջ չարի և բարու հակադրության օրինակներ: «Սպանել վիշապին»-ը հնարավոր կլինի գտնել «Բուկինիստ» գրախանութների ցանցում:
Գրքի առաջին ընթերցողները համեմատական եզրեր տարան Եվգենի Շվարցի պիեսի հետ, բայց նաև բազմաթիվ նուրբ տարբերություններ գտան: «Սպանել վիշապին»-ի հիմնական կերպարներից են «Սասնա ծռեր» էպոսից Փոքր Մհերն ու Վանո Սիրադեղյանը: Հեղինակն իր ասելիքը գրեթե ամբողջությամբ պատկերավոր խորհրդանշաններով է տեղ հասցրել:
«Փոքր Մհերն ինձ համար առանձնակի արտահայտված ֆիգուր է այստեղ, թող ներվի ասել, Վանոն ամենաթույլ արտահայտված ֆիգուրն է, քանի որ Վանոն հարում է այս ժամանակին, իսկ Փոքր Մհերը տասներկու-տասներեք դարի հեռավորությունից փորձում է գնահատել իրավիճակը: Նստում է տաքսի, շփվում է հայ մարդկանց հետ, փորձում հասկանալ` արդյոք կարող էր Ագռավաքարում փակված երազել այս գոյության մասին, և ի վերջո ստացվում է այնպես, որ ժամանակավորապես Ագռավաքարից դուրս գալով` դարձյալ վերադառնում է այնտեղ»,- մեջբերում է լրագրող, հաղորդավար Դավիթ Սարգսյանն ու հավելում` վերադառնում է, քանի որ հասկանում է, որ սա իր երազանքի հասարակությունը չէ:
Մանրամասները արդեն պարզ կդառնան միայն գիրքն ընթերցելիս: Դավիթը համոզված է` իր բնույթով սա հայացք է դեպի ինքներս մեզ կողքից, գուցե նաև ներսից, որն իր հերթին խորհելու առիթ է տալիս: Հեղինակն էլ պնդում է` գրքում լուրջ գեղարվեստական արժեք չկա, բայց այն հնարավորություն կտա հուսահատության ողնաշարը փոքր-ինչ կոտրել:
Մանրամասները` տեսանյութում:










