ԱՄՆ-ում կայացել է People's Choice Awards մրցանակաբաշխությունը
Ամերիկացիներ Դուեյն Ջոնսոնը և Սքարլեթ Յոհանսոնը, ինչպես նաև բրիտանացի Թոմ Հիդլստոնը դարձել են հանդիսատեսի քվեարկության արդյունքում շնորհվող ամերիկյան People's Choice Awards մրցանակաբաշխության դափնեկիրներ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Լոս Անջելեսի շրջանի Սանտա Մոնիկա քաղաքում անցկացված արարողությունը միավորել է երաժշտական, հեռուստաշխարհի և կինոարդյունաբերության հարյուրավոր գործիչների:
Սքարլեթ Յոհանսոնը մրցանակի է արժանացել «Դրամատիկ ժանրի սիրված կինոդերասանուհի» անվանակարգում, իսկ նրա մասնակցությամբ «Սև այրի» կինոժապավենը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ:
Ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնն արժանացել է միանգամից երեք մրցանակի՝ «լավագույն կատակերգու դերասան», «լավագույն դերասան» և «ազգային չեմպիոն» պատվավոր անվանակարգում:
Բրիտանացի Թոմ Հիդլսթոնը դարձել է լավագույն դերասանը «հեռուստաշոու» անվանակարգում «Լոկի» սերիալում իր դերի համար:










