ԱՄՆ-ում վախճանվել է կենսաբան, Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Էդվարդ Օսբոռն Ուիլսոնը
Դեկտեմբերի 26-ին 92 տարեկանում վախճանվել է ամերիկացի կենսաբան, գրող և Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Էդվարդ Օսբոռն Ուիլսոնը, որին համարում էին «արդի Դարվին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է նրա անվան կենսաբազմազանության հիմնադրամը (E.O. Wilson Biodiversity Foundation):
«Է.Օ.Ուիլսոնի կենսաբազմազանության հիմնադրամը խորապես վշտացած է ականավոր գիտնական, նատուրալիստ, գրող, ուսուցիչ և մեր ոգևորիչ Էդվարդ Օսբոռն Ուիլսոնի մահվան կապակցությամբ»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ուիլսոնը վախճանվել է դեկտեմբերի 26-ին Մասաչուսեթսի նահանգի Բեռլինգթոն քաղաքում: Ուիլսոնը, որը դասախոսում էր Հարվարդի համալսարանում, համարվում էր «Դարվինի հաջորդ» կամ «21-րդ դարի Դարվին»:
Նա, մասնավորապես, աշխարհում մրջյունների խոշորագույն մասնագետն էր (բացահայտել և նկարագրել է նրանց ավելի քան 400 տեսակ): Time հրատարակությունը 1995 թվականին Էդվարդ Ուիլսոնին համարել է 25 ամենաազդեցիկ ամերիկացիներից մեկը, իսկ 2005 թվականին Foreign Policy հանդեսը նրան ընդգրկել է աշխարհի 100 առաջատար ինտելեկտուալների ցուցակում: Ուիլսոնը բազմիցս ներառվել է նմանատիպ ցուցակներում:










