Շուշիի գորգերի թանգարանի 40 գտածո փրկվել և երկրորդ կյանք է ստացել Էրեբունի թանգարանում (տեսանյութ)

20:38 • 29.12.21

Արցախի տարբեր անկյուններից հայտնաբերված քարեդարյան, բրոնզեդարյան 40 գտածո 44-օրյա պատերազմի հրետակոծության ընթացքում մի կերպ փրկվել և հասցվել են Երևան. դրանք նախկինում Շուշիի գորգերի թանգարանում էին պահվում։

Ամրակայման և վերականգնման են ենթարկվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում և հանվել ժամանակավոր ցուցադրության. այն բաց կլինի մինչև մայիսի վերջ:

Ցուցանմուշներում կան այնպիսի պատմական արժեքներ, որոնք եզակի են եղել Հայկական լեռնաշխարհում: Tert.am-ի հետ զրույցում «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը տեղեկացրեց, որ արևից ծնվող երկվորյակների մոտիվը թվագրվում է Քա 11-ից 8-րդ դար։ Հայտնաբերվել է Կարմիր շուկայի տարածքում, տիպիկ էթիոնյան մշակույթի իր է:

«Երբ բերվեցին և ի պահ տրվեցին թանգարանին՝ որոշները այդքան էլ լավ վիճակում չէին, մեր լաբորատորիայում մեծ աշխատանք է տարվել: Սա դիտարկում ենք փոքրիկ աշխատանք, և մենք զերծ ենք ամպագոռգոռ խոսքերից, իմիտացիոն հայրենասիրության դրսևորումներից»,- վստահեցրեց Միքայել Բադալյանը:

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը ուրախ է կատարված մեծ աշխատանքի համար, բայցև սիրտը սեղմում է՝ համակարգային անկազմակերպ վիճակի պատճառով չեն կարողացել ժամանակին և ամբողջովին տարհանել պատմական մասունքներն ու վկայությունները։

«Շուշիի գորգերի թանգարանը կարելի է ասել գորգերի առումով հաջողվել է փրկել, մի մասը կորել է, խեցեղենի առումով մեծ մասը մնաց, բայց էլի հաջողվել է լավ նմուշներ փրկել, ինչ այստեղ ներկայացված է, մի այդքան էլ ֆոնդերում է ի պահ տրված»,- նշեց Վարդան Ասծատրյանը:

Մոտավորապես 90 նմուշ խեցեղեն և 170 գորգ մնացել է թշնամուն, բայց Վարդան Ասծատրյանը փորձում է լույս գտնել խավարում՝ Երևան բերված գտածոները երկրորդ կյանք ստացան Էրեբունի թանգարանում ու դարձան ուսումնասիրության առարկա մասնագետների համար։

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Շուշիի գորգերի թանգարանի 40 գտածո փրկվել և երկրորդ կյանք է ստացել Էրեբունի թանգարանում (տեսանյութ)