Բազկամարդը. երեք վերջույթ կորցրած փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը լույս ու հույս է տալիս բոլորին (տեսանյութ)

10:14 • 29.01.22

Նա չհանձնվեց այնտեղ, որտեղ շատերն են զենքերը վայր դնում, նա պայքարեց այնտեղ, որտեղ շատերը դրա իմաստն են կորցնում, նա փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանն է, կամ ինչպես իր մասին պատմող գրքի անունն է` «Բազկամարդը»:

2014-ին ընկերոջը փրկելիս կորցրեց երկու ոտքն ու մի ձեռքը, բայց ոչ միայն սկսեց քայլել, այլև դարձավ նման վիճակում հայտնված տասնյակ զինվորականների մոտիվացիան: Սարգիսը սկսեց զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, դարձավ Բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն:

«Ես ինքս հաշմանդամություն ունեմ, և ամբողջ պատմությունը դրա մասին է, բայց այն չի վերաբերում միայն նմանատիպ խնդիր ունեցող մարդկանց, վերաբերում է բոլորին, քանի որ ավելի շատ կյանքի հանդեպ սիրուն է վերաբերում, ապրելու ցանկությանը»,- գրքի մասին խոսելիս ասաց Սարգիս Ստեփանյանը:

Գերբնական ուժով Սարգիսն իր կյանքի անհավանական, բայցև իրական պատմության մասին գիրքը ստեղծել է «Նյումեգ» հրատարակչության մտահղացմամբ: Գրքի համահեղինակը ռազմական լրագրող Դավիթ Դավթյանն է, որը 44-օրյա պատերազմում աշխատել է թեժ կետերում ու լավ գիտի զինվորական առօրյայի բոլոր խութերը: Ասում է` «Բազկամարդը» իր կյանքի ամենակարևոր աշխատանքներից մեկն է:

«Պարզ օրինակ վերցենք` երբ մեկնումեկիս գլուխն է ցավում, ձեռքն է ցավում, մենք ասում ենք. «Վայ, ինչ վատ վիճակում ենք մենք»: Տեսեք` ինչ մարդ է Սարգիս Ստեփանյանը, ինչի միջով է անցել: Ամենակարևոր ուղերձներից մեկն այն է, որ ոչ միայն վերականգնվել է, ոտքի է կանգնել, այլև մարդկության ամենակարևոր բանն է անում` նա իր հետևից տանում է տղաներին, տանում է հերոսներին»,- մեկնաբանեց Դավիթը:

«Նյումեգը» նաև փոխգնդապետի մասին վավերագրական ֆիլմ է ստեղծել` «Ոտքի կանգնիր»: Այնտեղ պատել են, թե ինչպես է Սարգիսը հիմնել վերականգնողական կենտրոն ու այցելում է հաշմանդամների տներ, հոսպիտալներ, հանդիպում վիրավորների հետ, որոնք հուսալքված են, չեն ուզում հասարակության մեջ հայտնվել ու նրանց լիարժեք կյանք է վերադարձնում:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Սարգսի հաջողության պատմության ականատեսն է եղել. նա նույնպես ներկա էր միջոցառմանը.

«Այստեղ է, որ մարդ պիտի նորից կրկնի. «Վիրավորվելը տղամարդու համար է, և կարելի է հաշմված լինել ֆիզիկական առումով, մարմնի տարբեր մասերով, բայց երբ մարդը հաշմված է հոգեպես, արդեն այդ մարդը անընդունելի է»: Սարգիսը մի մեծ թիմի հրամանատար է, որոնք հոգեպես կանգնել են ու նորից ծառայում են հայրենիքին»,- նշեց ԶՈՒ գեներալ-գնդապետը:

44-օրյա պատերազմից հետո հարյուրավոր երիտասարդներ հաշմանդամ են դարձել, «Բազկամարդը» կենդանի օրինակ է` ինչպես մարդ կարող է ոտքի կանգնել նույնիսկ ամենաանելանելի վիճակում ու հաջողել:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

 

Բազկամարդը. երեք վերջույթ կորցրած փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը լույս ու հույս է տալիս բոլորին (տեսանյութ)