SpaceX-ն իտալական արբանյակ է հասցրել ուղեծիր (տեսանյութ)  

15:21 • 01.02.22

Ամերիկյան SpaceX ընկերությունն ուղեծիր է ուղարկել Cosmo-SkyMed ծրագրով ստեղծված CSG-2 երկրորդ սերնդի իտալական արբանյակը:

Ինչպես հայտնում է Space.com-ը, երկաստիճան Falcon 9 հրթիռը, որի միջոցով արբանյակն ուղարկվել է ուղեծիր, արձակվել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից հունվարի 31-ին՝ տեղի ժամանակով 18:11-ին (երևանյան՝ փետրվարի 1-ին՝ 03:00):

Արձակումը սկզբնապես նախատեսվում էր իրականացնել հունվարի 27-ին, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով այն հետաձգվել էր:

Falcon 9  հրթիռակրի առաջին աստիճանը վայրէջք է կատարել Կանավերալ հրվանդանում մեկնարկից 8 րոպե անց: Երկրորդ աստիճանը CSG-2 արբանյակը ուղեծիր է հասցրել արձակումից 60 րոպե անց:

Cosmo-SkyMed ծրագիրը ֆինանսավորվում է Իտալական տիեզերական գործակալության, Իտալիայի պաշտպանության նախարարության և երկրի կրթության նախարարության կողմից:

Համակարգը կազմված է երկու արբանյակից, որոնք նախատեսված են Երկրի ուսումնասիրության համար:

SpaceX-ն իտալական արբանյակ է հասցրել ուղեծիր (տեսանյութ)