Տու-160Մ-ը կլինի առաջին ինքնաթիռը` հակադարձ արձակման հրթիռներով. դրանք ի վիճակի են որսալու ինքնաթիռի հետևում գտնվող թիրախները. աղբյուր
Արդիականացված Տու-160Մ ռազմավարական ռմբակոծիչը կդառնա աշխարհում առաջին ինքնաթիռը՝ հակադարձ արձակման հրթիռներով. դրանք ի վիճակի են որսալու ինքնաթիռի հետևում գտնվող թիրախները, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ավիաարդյունաբերության աղբյուրը։
Ինչպես հաղորդվում է, զրոյից կառուցված առաջին Տու-160Մ ռազմավարական ռմբակոծիչն իր առաջին՝ 30 րոպե տևողությամբ թռիչքը կատարել է այս տարվա հունվարի 12-ին։ Նոր ինքնաթիռը ստացել է արդիականացված շարժիչներ, նորացված ավիոնիկա, ինչպես նաև զենքի կառավարման նոր համակարգեր։
«Առաջին նոր արտադրված Տու-160Մ-ն ունի հետևի տեսանելիության ռադիոլոկացիոն կայան, որը թույլ կտա օդանավին օգտագործել այսպես կոչված հակադարձ արձակման հրթիռներ... Նման «օդ-օդ» հրթիռները, ըստ ռմբակոծիչի պոչի ռադարի թիրախային նշանակման, կհարվածեն թիկունքի կիսագնդի թիրախներին, այսինքն՝ Տու-160Մ-ի «ետևում» տեղակայվածներին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրը հավելում է, որ «ծանր ռմբակոծիչների վրա հետևի տեսադաշտի ռադարի օգտագործումն առավել նպատակահարմար է, քանի որ դրանք ցածր մանևրելի մեքենաներ են, որոնք պարզապես կարող են ժամանակ չունենալ շրջվելու դեպի թշնամին»:










