«Կոկորդիլոսի արցունք». չինացին հազվադեպ հիվանդության պատճառով ամեն անգամ սնվելիս արտասվում է
Չանգ անունով չինացի տղամարդու մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող «կոկորդիլոսի արցունք» համախտանիշը։ Սա հիվանդություն է, որը ստիպում է մարդուն արտասվել ամեն անգամ, երբ սնվում է: Այս մասին հայտնում է odditycentral.com–ը։
Այս հիվանդության ժամանակ լացը սովորաբար առաջանում է հուզական ռեակցիայի դեպքում, օրինակ՝ տխրություն, ցավ կամ անզուսպ ծիծաղ, բայց հազվադեպ դեպքերում այն կարող է ակտիվանալ ուտելու ժամանակ:
Չանգը սկզբում ուշադրություն չէր դարձնում այս երևույթին, սակայն այն սկսել է խանգարել նրան այն բանից հետո, երբ ուտելիքը ծամելուն զուգընթաց լացը սաստկացել է:
Տղամարդը մեկուսացել էր, քանի որ չէր ցանկանում, որ մարդիկ տեսնեն նրա արցունքները։ Հազվադեպ հանդիպող նրա հիվանդությունը հայտնաբերվել է, երբ չինացին դիմել է բժշկի։ Վերջինս տղամարդուն բացատրել է, որ այս հիվանդության առաջացումը կապված է տղամարդու՝ նախկինում տարած դեմքի կաթվածի հետ:
Դեմքի կաթվածից հետո վերականգնվելու ընթացքում խնդիր է առաջացել և արդյունքում սննդի հոտը կամ համը թուք առաջացնելու փոխարեն գրգռել են արցունքագեղձերը, ինչի հետևանքով էլ սկսել է արտասվել:
Տղամարդը ենթարկվել է վիրահատության, ինչի արդյուքում վիճակը բարելավվել է։










