Մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ ուղղելու, նույնիսկ ֆիզիկական բռնության դեպքեր ունենք. Երևանի քաղաքապետ
«Նախորդ շաբաթ արձանագրվել է կծվածության 75 դեպք, որից տեր ունեցող շների դեպքերը 30 է, իսկ անհայտ, թափառող շներից կծվածության դեպքերի թիվը՝ 42 , մյուս երեքը կատուներն են կծել»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:
Երևանի Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդրադառնալով «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի գործունեությանը, ասաց. «Քանի որ խոսքը գնաց շների մասին, ապա, հարգելի ոստիկաններ, խնդրում եմ մեր ՀՈԱԿ-ի հետ սերտ աշխատեք, քանի որ քաղաքացիները մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ են ուղղում, նույնիսկ ֆիզիկական բռնության դեպքեր ունենք»,-հայտնեց Հրաչյա Սարգսյանը:










