Էրդողանը պահանջել է Շվեդիայի պաշտպանության նախարարի հրաժարականը. Expressen
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է, որ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը պաշտոնանկ անի երկրի պաշտպանության նախարար Պիտեր Հուլթքվիստին։ Այդ մասին գրում է Expressen-ը։
Էրդողանի պահանջը բխում է նրանից, որ մոտ 10 տարի առաջ Հուլթքվիստը իբր «փառաբանել է» Թուրքիայի ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և նրա բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրները։
«Թուրքիան ցանկանում է, որ Հուլթքվիստը հեռացվի պաշտպանության նախարարի պաշտոնից»,- Expressen-ին ասել է աղբյուրը՝ հավելելով, որ այս հարցը բարձրացվել է սկանդինավյան երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Շվեդիայի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքում։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան չեն անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի դեռ չկատարվեն Անկարայի պահանջները՝ դադարեցնել աջակցել ահաբեկչությանը, առաջին հերթին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը:










