Տասնինը մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից. Խաչատրյանի ծննդյան օրը Երևանում կմեկնարկի կոմպոզիտորի անվան մրցույթը
Տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներին բացահայտելու, մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը հանրայնացնելու նպատակով Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երևանում կմեկնարկի Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը: Այն 2022-ին կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն ասաց՝ այս տարի մրցույթին մասնակցում են երաժիշտներ Հայաստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Վենեսուելայից, Կորեայի Հանրապետությունից, Ճապոնիայից, Չինաստանից, Ռումինիայից, Մոլդովայից, Բելառուսից, Շվեյցարիայից, Իսպանիայից և Իտալիայից:
«Դիմել է 50-ից ավելի թավջութակահար, սակայն նախընտրական փուլը հաղթահարել և առաջին փուլին մասնակցելու իրավունք է ստացել 19 թավջութակահար: Մեր առաջնային նպատակն այն է, որ աշխարհում հնարավորինս շատ հնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Այս մրցույթի շնորհիվ այսօր աշխարհում ավելի քան 5000 երաժիշտ կատարում է Խաչատրյանի կոնցերտները»,-նշեց Սմբատյանն ու ընդգծեց՝ բացման համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա անվանի ջութակահար Քրիստոֆ Բարատին։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։ Կհնչեն Արամ Խաչատրյանի սյուիտը «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից և կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը։
Արմեն Սմբատյանը տեղեկացրեց՝ մրցույթի ժյուրին կգլխավորի հանրահայտ ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը, որի սաներն հանդես են գալիս մեծ բեմերում։ Ժյուրիի կազմում են դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին, Վեբերի փառատոնի հիմնադիր տնօրեն Մարտին Էնգստրոմը, 1999 թվականից Մարինյան թատրոնի գլխավոր թավջութակահար Օլեգ Սենդեցկին, վինագործների պատրաստած թանկարժեք ջութակների, ալտերի և թավջութակների շուկայում առաջատար գործակալություններից մեկի ղեկավար Քրիստոֆեր Րունինգը, թավջութակահար Իշտվան Վարդան, հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախմբի ղեկավար, թավջութակահար Արամ Թալալյանը և թավջութակահար Յին Ջաոն:
Էդուարդ Վուլֆսոնի խոսքով՝ մեծ տոն է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար, քանի որ Արամ Խաչատրյանն ու նրա երաժշտությունը համամարդկային արժեքներ են: «Հետաքրքիր է, որ մրցույթի մասնակիցներն իրենց ելույթներն սկսում են՝ Բախի, Վեբերի և այլ հեղինակների գործեր հնչեցնելով, սակայն ավարտում են՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կատարելով: Բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինել հանգիստ, խաղաղ և ստեղծագործությունները կատարել սեփական ու յուրօրինակ մեկնաբանություններով, որովհետև դա է երաժշտության անկեղծության հիմքում»,-շեշտեց ջութակահարը:
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, ներկայացնելով մրցույթի ընթացակարգը, հայտնեց, որ խաչատրյանական մրցույթը բաղկացած է երեք փուլից։ Հունիսի 7-ին և 8-ին տեղի կունենա մրցույթի առաջին փուլը, հունիսի 9-ին և 10-ին կանցկացվի երկրորդ փուլը, իսկ 11-ին և 12-ին՝ երրորդ եզրափակիչ փուլը։ Արդյունքները կամփոփվեն և կհայտարարվեն հունիսի 13-ին՝ մրցույթի փակման պաշտոնական արարողությանը։ Երկրորդ և երրորդ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Խաչատրյանի ստեղծագործությունները։
Մրցույթի առաջին մրցանակակիրը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի, երկրորդ տեղը զբաղեցնող մասնակիցը կստանա 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով մրցանակ, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնող մասնակիցը կպարգևատրվի 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ, որոնց մասին կհայտարարվի մրցույթի փակման արարողության ժամանակ։
Ասուլիսից անմիջապես հետո տեղի ունեցավ վիճակահանություն և որոշվեց մրցույթի մասնակիցների ելույթների հերթականությունը։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։










