Այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները, ուզում եմ հասկանամ ինչի՞ մեջ է խնդիրը․ Սուրեն Պապիկյան

22:46 • 06.06.22

Խոսքը վերաբերում է ՊՆ կառուցվածքի փոփոխություններին։ Դրանից հետո կունենանք ԳՇ պետի նշանակում։ Նոր մոդել կունենանք, որով ԳՇ պետը կլինի նախարարի առաջին տեղակալը։ ԶՈՒ-ն զբաղվելու են միայն երկրի պաշտպանությամբ։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԳՇ պետ չնշանակելու մասին հարցին․

«Գնում, սպասարկում, ապահովում․ դրանցով պիտի զբաղվեն այլ վարչություններ ՊՆ կազմում։ Դա պիտի արվի ոչ զինվորականների կողմից, շատ բաներ պիտի լինեն պատվիրակված, օրինակ ինչպես սննդի դեպքում էր։ Օրենքն առաջիկայում կմտնի ԱԺ ու կունենանք ԳՇ պետ։ Այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները, ուզում եմ հասկանամ ինչի՞ մեջ է խնդիրը»։

Պապիկյանն ասել է, որ չի պատրաստվում հանրայնորեն հայտարարել սպառազինությունների ձեռքբերումների մասին, որը կառավարությունը իրականացրել կամ իրականացնում է։ Իհարկե պետք է համալրենք մեր սպառազինությունը պաշտպանունակությունը բարձրացնելու համար։

«ՀՀ բանակը պետք է ունակ լինի պաշտպանելու ՀՀ սուվերեն տարածքները։ Ովքեր քննադատում են, հնարավորություն ունեն հարցմամբ իմանալ այդ մասին, սրանք գաղտնի ընթացակարգով կատարվող գործողություններ են, իրենք հատուկ են այդ մասին խոսում, սադրում են»,-նշել է նախարարը։