Ռուսաստանը հավանություն չի տվել Սիրիայում Թուրքիայի գործողությանը. Անկարան դադարեցրել է գործողության նախապատրաստումը. Hürriyet
Ռուսական կողմը հավանություն չի տվել Սիրիայի հյուսիսում գտնվող շրջաններից մեկում ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի ծրագրերին։ Այսպիսի հայտարարություն է արել չորեքշաբթի թուրքական Hürriyet թերթը։
Դրա փոխանցմամբ՝ խոսքը Ռաքքա նահանգի Այն Իսա քաղաքի շրջակայքի մասին է։ Այս շրջանով է անցնում ռազմավարական նշանակություն ունեցող M4 մայրուղին, որը միացնում է Հասաքա, Ռաքքա և Դեյր էզ Զոր շրջանները։ Հաշվի առնելով դա՝ Ռուսաստանի Դաշնությունը բացասաբար է արձագանքել այնտեղ ռազմական գործողություն իրականացնելու հեռանկարին։ Պարբերականը նշում է, որ այս թեմայով Մոսկվայի հետ շփումների արդյունքներից հետո Անկարան դադարեցրել է այդ տարածքում գործողության նախապատրաստումը, իսկ Ռուսաստանի Դաշնությունը, իբր, ապահովել է լրացուցիչ զորքերի տեղակայումն այնտեղ։
Hürriyet-ը, առանց տեղեկատվության աղբյուր նշելու, գրում է, որ Թուրքիայի զինված ուժերի անդրսահմանային գործողությունը Սիրիայում կարող է սկսվել այս շաբաթ։ Երկրի զինված ուժերի ստորաբաժանումների մոբիլիզացիան շարունակվում է դեպի Սիրիայի հետ սահման և դեպի Թել Ռիֆաթ և Մանբիջ շրջաններ, որտեղ հաճախակիացել են փոխհրաձգություններն ու բախումները ծայրահեղականների հետ։ Նախորդ գործողությունների փորձի հիման վրա ակնկալվում է, որ ռազմական գործողությունները կսկսվեն շաբաթավերջին։
Մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ և Թել Ռիֆաթ շրջաններում ռազմական գործողության նախապատրաստման մասին՝ 2019 թվականին ստեղծված 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով։ Հունիսի 4-ին նա հայտարարել էր, որ թուրքական բանակը սկսում է տարածքը մաքրել Քրդստանի աշխատավորական կուսակցությունից և Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներից, որոնք Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություններ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի ասել է, որ թուրքական բանակի գործողությունը Սիրիայի հյուսիսում կսկսվի ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում, և այն կարող է չսահմանափակվել միայն Թել Ռիֆաթ և Մանբիջ շրջաններով։
Գործողության նպատակն է ընդլայնել անվտանգության գոտին, այն մաքրել Քրդստանի աշխատավորական կուսակցությունից և Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներից, ինչպես նաև այդ տարածքներում տեղակայել մինչև 500 հազար սիրիացի փախստականների։ Մայիսին Էրդողանը հայտարարել էր, որ իշխանությունները նախագիծ են պատրաստել Սիրիայում մեկ միլիոն փախստականների վերաբնակեցնելու համար, սակայն այն ժամանակ մանրամասներ չհայտնեց։










