Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Արագածոտնի մարզում հնչած կրակոցների մասին, որոնց հետևանքով կա զոհ և վիրավորներ
Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է, այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ․ «Հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։
Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»։
Հիշեցնենք, որ ի տարբերություն ոստիկանության, լրատվամիջոցները հայտնում են, որ կրակոցներ հնչել և վեճ տեղի է ունեցել ՔՊ֊ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների, ՔՊ֊ական Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել են երիտասարդների վրա։










