Tert.am-ը և «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

15:32 • 20.06.22

Tert.am-ը համագործակցության հուշագիր է ստորագրել «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի հետ՝ դառնալով հիմնադրամի տեղեկատվական գործընկերը։

Հուշագիրը ստորագրել են Tert.am-ի Զարգացման գծով տնօրեն Արկադի Գրիգորյանը և «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը։

44-օրյա պատերազմը խլեց խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս և պարզապես հայրենասեր ու օրինակելի հայի՝ Վահե Մելիքսեթյանի կյանքը։ 2021թ. Վահե Մելիքսեթյանի հարազատները և ընկերները ստեղծել են իր անունը կրող հիմնադրամը:

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական  հիմնադրամի գլխավոր նպատակը Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքի՝ կլինիկական դեղագիտության զարգացումն է Հայաստանում:

Մի շարք զարգացած երկրներում կլինիկական դեղագետները շատ պահանջված և կարևոր առողջապահական օղակի մասնագետներ են՝ բավական բարձր վարձատրությամբ: Կլինիկական դեղագետները  այս կամ այն ձևաչափով մասնակցում են հիվանդների դեղաբուժմանը և սերտորեն աշխատում են առողջապահական համակարգի այլ մասնագետների հետ:

Այս մասնագետների աշխատանքի արդյունքում բարձրանում է դեղաբուժման արդյունավետությունը, նվազում են կրկնակի հոսպիտալացման դեպքերը, տնտեսվում է բժշկի ժամանակը և որպես վերջնարդյունք՝ զգալիորեն նվազում են առողջապահական ծախսերը:

Վահե Մելիքսեթյանի եղբայրը՝ Սարգիս Մելիքսեթյանը, որը նաև հիմնադրամի գործադիր տնօրենն է, նշում է. «Նախորդ տարի մեր հիմնադրամն անվանական կրթաթոշակներ է տրամադրել ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի 6 խոստումնալից օրդինատորի և Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի 3 տաղանդավոր աշակերտի (ընդհանուր առմամբ կրթաթոշակների գումարը կազմել է 3.000.000 ՀՀ դրամ), իսկ այժմ լայնածավալ հետազոտություն է իրականացնում միջազգային գործընկերոջ հետ Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացման ուղիները հասկանալու համար: Մենք հավակնոտ այլ ծրագրեր ենք իրականացնելու առաջիկայում, և մեզ համար շատ կարևոր է, որ Tert.am-ի նման կայացած և հզոր մեդիա ռեսուրսը այսուհետ մեր տեղեկատվական գործընկերն է»:

Tert.am-ի Զարգացման գծով տնօրեն Արկադի Գրիգորյանը նշում է․ «Tert.am-ը, որպես հայաստանյան խոշորագույն և երկար տարիների պատմություն ունեցող կայքերից մեկը, մշտապես նման նախաձեռնությունների կողքին է։ Այս դեպքում ևս չէինք կարող անմասն մնալ 44-օրյա պատերազմի հերոսներից մեկի անունը կրող հիմնադրամի աշխատանքին աջակցելուց։ Սոցիալական, գիտակրթական նախաձեռնությունների լուսաբանումը մեր կայքի գործունեության կարևորագույն բաղադրիչներից է»։