Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկը համավարակ է հայտարարել

17:17 • 23.06.22

Առողջապահության համաշխարհային ցանցը (ԱՀՑ) կապիկի ծաղիկ հիվանդությունը համավարակ է հայտարարել։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

Ցանցի ներկայացուցիչները պարզաբանել են, որ այս պահին վարակման դեպքեր են հայտնաբերվել 58 երկրում, դրանց ընդհանուր թիվը գերազանցել է 3417-ը, իսկ վարակման տեմպերն ամեն շաբաթ ավելանում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունիսի 23-ին արտակարգ նիստ կգումարի՝ գնահատելու կապիկի ծաղիկի բռնկման համաշխարհային վտանգը։

Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը նշել է, որ համեմատած նախորդ բռնկումների հետ՝ կապիկի ծաղիկի վարակի ներկայիս տարբերակն իրեն անսովոր է պահում, ուստի վարակաբանները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն դրան։ 

Այս հիվանդության զարգացման առաջնային ախտանշաններն են՝ ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող, հյուծվածություն: Առաջին ախտանշանների ի հայտ գալուց մի քանի օր անց վարակված մարդու մոտ դեմքի և մարմնի վրա ցան է սկսվում: 

Հիվանդությունը սովորաբար տևում է երկու-չորս շաբաթ: Մասնագետները նշում են, որ կապիկի ծաղիկը մահացու է լինում դեպքերի 10 տոկոսում: Ուստի մասնագետները հորդորում են չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ դիմել բժշկի։

Մասնագետները հիշեցրել են նաև, որ հիվանդությունը փոխանցվում է կենդանուց մարդուն կամ մարդուց մարդուն։ Վիրուսն օրգանիզմ կարող է ներթափանցել վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների միջոցով՝ աչքերի, քթի, բերանի:

Առողջապահության համաշխարհային ցանցը կապիկի ծաղիկը համավարակ է հայտարարել