Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

09:33 • 17.08.22

Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը, հայտնել է Առողջապահության նախարարության խոսնակ Պեդրամ Փաք Այինը։ 

«Կապիկի ծաղիկ... այս դեպքը հայտնաբերվել է 34-ամյա հիվանդի մոտ», - IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Փաք Այինը:

Նա նշել է, որ հիվանդն ապրում է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքում, հիվանդությունը հաստատելուց հետո նրա համար անմիջապես կարանտին է սահմանվել:

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումը օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղկի վարակի դեմ:

Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:

Ճամփորդելիս անհրաժեշտ է.

◾️ խուսափել հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից,

◾️ խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող իրերին (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) դիպչելուց,

◾️ դիմել բժշկական օգնության, եթե նկատվում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափել ուրիշների հետ շփումից: Ինչպես նաև անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչև մեկ ամիս առաջ եղել եք մի տարածքում, որտեղ գրանցվել է կապիկի ծաղկի դեպք կամ եղել է շփում կապիկի ծաղիկով վարակված անձի հետ։
   




 

Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը