Ամենակարևորը թիմն է, սերը դեպի հայրենիքը և հայապահպանությունը․ ռեժիսոր Ներսես Մարտիրոսյան

14:22 • 18.08.22

Ամենակարևորը թիմն է, սերը դեպի հայրենիքը և հայապահպանությունը․ սա Հայաստանում հայտնի ռեժիսոր Ներսես Մարտիրոսյանի կարգախոսներից մեկն է։

Ներսես Մարտիրոսյանը հայկական հեռուստատեսային հեռարձակման և ռեժիսուրայի նշանավոր գործիչներից մեկն է, ով կարիերան սկսել է 2004 թվականին, երբ նրան նկատել և աշխատանքի են  հրավիրել «Երկիր Մեդիա»-ում։

Վավերագրական ֆիլմերը, թոք-շոուներն ու հեռուստահաղորդումները, որոնց վրա աշխատել է ռեժիսորը, դարձել են հանրաճանաչ և նոր շունչ ստացել Ներսես Մարտիրոսյանի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ։


Ներսես Մարտիրոսյանն ակտիվորեն մասնակցել է արտերկրում հայկական մշակույթի օրերի շրջանակում տարբեր միջոցառումներ բեմադրելով, ինչպես նաև Բեռլինում և Հալլեում իր ղեկավարած թիմի հետ ակտիվ մասնակցություն է ունեցել Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառման աշխատանքներին:
Հազարից ավելի հեռուստատեսային հաղորդումներ, մոտ հարյուր վավերագրական ֆիլմեր և բազմաթիվ տեսահոլովակներ են նկարահանվել հայտնի ռեժիսորի աշխատանքային գործունեության ընթացքում։


Ներսես Մարտիրոսյանը, որպես իր ոլորտում լավագույն մասնագետներից մեկը, հրավիրվել է համագործակցության «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարում։ Յուրաքանչյուր հայ, անկախ նրանից, թե աշխարհի, որ ծայրում է գտնվում, դիտում է այս հաղորդումը, իսկ որակն արդեն 18 տարի ապահովում են Ներսես Մարտիրոսյանն ու իր թիմը։
Հաղորդումը ճանաչվել է լավագույնը հայկական եթերում, և միլիոնավոր սփյուռքահայեր մեծ սպասումով և սիրով են այն դիտում: Հաղորդաշարը, որը ուսուցողական և ճանաչողական բնույթի է ներկայացնում է Հայաստանի պատմամշակութային ու ճարտարապետական հարուստ ժառանգությունը, ինչպես նաև անդրադառնում է Սփյուռքում՝ հայկական համայնքներին, դպրոցներին, եկեղեցիներին, հայկական ժառանգությանն ու մշակույթի պահպանմանը։
Ներսես Մարտիրոսյանի պրոֆեսիոնալիզմի, փորձի և գիտելիքների շնորհիվ ծրագիրը նոր մակարդակի է բարձրացել։


Բացի այդ,  Հայաստանի առաջին ալիքի եթերում Ներսես Մարտիրոսյանի ռեժիսորական աշխատանքի արդյունքն են համարվում «Հայաստանի ճամփեքով», «Մերոնք», «Վերադարձ դեպի ապագա», «Դեպի Արցախ», «Ջավախք. Լեռնեցների օրրան», «Հեռուստադպրոց», «Ազգ-Բանակ» և հայկական հեռուստաեթերը լրացնող բազում այլ հաղորդումներ:

Ներսես Մարտիրոսյանի աշխատանքը բարձր է գնահատվում նաև պետական մակարդակով:
Հայկական հեռուստաընկերություններում և տարբեր կազմակերպություններում աշխատելուն զուգահեռ, նա նաև համագործակցել է պետական մի շարք գերատեսչությունների հետ՝ Սփյուռքի, Մշակույթի և ՀՀ արտաքին գործերի նախարարություններում ստեղծելով ոչ միայն հետաքրքիր ու բովանդակային ֆիլմեր և հաղորդումներ, այլև կրթական, ճանչողական ու տեղեկատվական հոլովակներ: Միանգամայն բնական է, որ ճանաչված ռեժիսորի աշխատանքները գնահատվել են մի շարք պարգևներով ու մրցանակներով:


ՀՀ մշակույթի նախարարության կողմից Ներսես Մարտիրոսյանը պարգևատրվել է պատվոգրով` հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը ռեժիսորին հանձնել է պատվոգիր` Հայրենիք-Սփյուռք գործակցության լուսաբանման գործում ունեցած ներդրման համար: Իսկ Նրա ղեկավարած թիմը տարբեր ժամանակահատվածներում բազմիցս առժանացել է ոսկե մեդալների, պատվոգրերի, պարգևների, շնորհակալագրերի, ինչը ռեժիսորին ոգեշնչվելու տեղիք է տալիս:
«Այսօր էլ նոր նախագծերի վրա ենք աշխատում, որոնք ավելի մեծ արձագանք և հնչեղություն կարող են ունենալ ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս»,–ասում է ռեժիսորը։



Պատրաստեց՝ Վարդան Հակոբյանը

Ամենակարևորը թիմն է, սերը դեպի հայրենիքը և հայապահպանությունը․ ռեժիսոր Ներսես Մարտիրոսյան