Մասկը՝ որպես Twitter-ի սեփականատեր, աշխատանքից ազատել է ընկերության ղեկավարներին

12:44 • 28.10.22

Tesla-ի գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկը, ստանձնելով Twitter-ի ղեկավարությունը, աշխատանքից ազատել է Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին, որոնք լքել են ընկերության գլխամասային գրասենյակը Սան Ֆրանցիսկոյում։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

Մասկը, Ագրավալից և Սեգալից բացի աշխատանքից ազատել է ընկերության իրավական քաղաքականության, վստահության և անվտանգության հարցերով պատասխանատու բաժնի ղեկավար Վիջայ Գադեին և գլխավոր խորհրդական Շոն Էգգեթին: Թոփ մենեջերներին շտապ դուրս են ուղեկցել գլխամասային գրասենյակից:

Նույն օրը Մասկը հայտնել է, որ հույս ունի սոցիալական ցանցը դարձնել «ամենահարգված գովազդային հարթակը»:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Մասկը խոստացել է մինչև հոկտեմբերի 28-ը ավարտին հասցնել Twitter միկրոբլոգների ծառայությունը գնելու գործարքը, որը գնահատվում է 44 մլրդ դոլար: Գործակալության տվյալներով՝ գործարարը նման հայտարարություն է արել բանկիրների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, որոնք «օգնում են ֆինանսավորել» սոցցանցը գնելու գործարքը։

Մասկը՝ որպես Twitter-ի սեփականատեր, աշխատանքից ազատել է ընկերության ղեկավարներին