Rimac Nevera-ն դարձել է աշխարհում ամենաարագ էլեկտրական մեքենան (տեսանյութ)
Խորվաթական Rimac Nevera հիպերմեքենան դարձել է աշխարհում ամենաարագ զանգվածային արտադրության էլեկտրական մեքենան։
Գերմանական Automotive Testing Papenburg մրցուղու վրա այն կարողացել է զարգացնել մինչև 412 կմ/ժ արագություն: Ռեկորդը գրանցվել է Racelogic V-Box չափիչ համալիրի միջոցով. հատկանշական է, որ երկու տարի առաջ հենց նույն արագությունն է ամրագրվել սիմուլյացիայի միջոցով, գրում է motor.ru-ն։
Ռեկորդի գրանցման ժամանակ մեքենայի ղեկին է եղել ավտոմրցարշավորդ Միրո Զրնչևիչը:
Տպավորիչ արդյունքը գրանցվել է Top Speed ռեժիմում, որը թույլ է տալիս գտնել օպտիմալ հավասարակշռություն ցածր դիմադրության և կայունության միջև:
Այնուհանդերձ, էլեկտրական մեքենաների արագության բացարձակ ռեկորդը մինչ այժմ պատկանում է Venturi Buckeye Bullet 3-ին, որը զարգացրել է մինչև 549,43 կմ/ժ արագություն, սակայն այն զանգվածային արտադրության էլեկտրական մեքենա չէ:










