«Զահա Հադիդ» ճարտարապետական ընկերության ճարարապետները Հայաստանում են՝ կարևոր համագործակցության շրջանակներում (տեսանյութ)

17:19 • 19.11.22

«Զահա Հադիդ» ճարտարապետական ընկերության ճարտարապետները Երևանում են։ Ֆիլիիպո Ինոչենտին և Ջիան Լուկա Բարոնեն երիտասարդ հայ ճարտարապետների և ոլորտի ներկայացուցիչների համար մաստեր կլաս են արել, իսկ այս եզակի հնարավորությունը նրանց ընձեռել են «ՌԵՆՇԻՆ» ներդրումային և քաղաքաշինական ընկերությունն ու համաշխարհային առևտրի կենտրոնների ասոցիացիայի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ WTC-Yerevan-ը։ Երևանում կայացած մաստեր կլասի նպատակը քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչներին և ուսանողներին միջազգային հռչակ վայելով այս ընկերության աշխատելաոճին և մոտեցումներին ծանոթացնել է։ Այս կոնֆերանսը, սրան հաջորդող մնացած կոնֆերանսների շարքը և այն նախագծերը, որոնք իրականացվելու են, նոր շունչ են հաղորդելու Երևանի քաղաքաշինական պատկերին։

Ներդրումային ոլորտում «ՌԵՆՇԻՆ»  ընկերության 20 և ավելի տարիների փորձը ցույց են տվել, որ ճարտարապետությունը միայն անշարժ գույք նախագծելը և կառուցելը չէ, համաշխարհային ճարտարապետությունը գնում է դեպի հարմարավետության, նոր որակի միջավայրի ստեղծմանը։ Իրենք ևս գնում են այդ ճանապարհով։

«Մենք մեր թիմով շատ ենք ճանապարհորդել, ծանոթացել ենք մի շարք բրենդների, հայտնի անունների հետ, փորձում ենք այդ ամենը բերել Հայաստան։ Առաջին հերթին այդ մասով պետք է կիսվենք մեր երիտասարդների հետ, որովհետև վերջիվերջո մենք այդ մասնագեների միջոցով ենք կյանքի կոչելու այդ նախագծերը»,- ասաց «ՌԵՆՇԻՆ» ներդրումային քաղաքաշինական ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։

WTC-Yerevan-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոնոյանի խոսքով՝ իրենց ընկերության  առաքելությունը միջազգային առևտրում Հայաստանի դերի խթանումն ու  ներդրումների համար ավելի գրավիչ դարձնելն է։ Նման  համագործակցությունը կարևոր խթան է այս առումով։

«Եւ՛ մեր ընկերությունը, և՛ «ՌԵՆՇԻՆ»-ը փորձում ենք Երևանի արվարձաններում գտնել հետաքրքիր ու գրավիչ մի տեղ, որտեղ նմանատիպ ճարտարապետների ներգրավման միջոցով կարողանանք իկոնայի կարգավիճակ ունեցող շինություն ստանալ, որը պետք է մեր քաղաքին»,- ասաց Արտաշես Տոնոյանը։

Հայաստան ժամանած Ֆիլիպո Ինոչենտիին և Ջիան Լուկա Բարոնեին Երևանում հատկապես գրավել են խորհրդային ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանները։ Կարճ ժամանակահատվածում ճարտարապետները հասցրել են շրջել Երևանով, ուսումանասիրել քաղաքի ճարտարապետական կերպարը։

Սա կառուցապատող և ճարտարապետական ընկերությունների հաջողված փորձ կարող է լինել՝ Հայաստանի քաղաքաշինական կերպարը ավելի լավը դարձնելու ճանապարհին։