Կրկին դստեր հետ. Կիմ Չեն Ընը լուսանկարվել է «Հվասոն 17» հրթիռի ֆոնին (լուսանկարներ)

11:19 • 28.11.22

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր՝ Ջու Էի հետ լուսանկարվել է «Հվասոն 17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ֆոնին, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել և հասնել մինչև ԱՄՆ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը։

Սեուլի Հյուսիսային Կորեայի ուսումնասիրությունների համալսարանի պրոֆեսոր Յան Մու Չժինի խոսքով՝ այս կերպ հյուսիսկորեացի առաջնորդը փորձում է ցույց տալ, որ ԿԺԴՀ-ի համար միջուկային զենքն ապագա սերունդներին պաշտպանելու միջոց է։

Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Ջու Էի՝ կադրում հայտնվելը խոսում է այն մասին, որ նա դառնալու է հոր իրավահաջորդը երկրի ղեկավարի պաշտոնում։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադայի գնահատականով՝ «Հվասոն 17» հրթիռն ունի 15 հազար կմ հեռահարություն և ունակ է կրել 2-3,5 տոննա կշռող մի քանի մարտագլխիկ։ Հրթիռի ստույգ բնութագիրը դեռ հայտնի չէ։ Այն առաջին անգամ ցուցադրվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած շքերթի ժամանակ։ Հրթիռն առաջին անգամ արձակվել է 2022 թվականի մարտի 24-ին, երկրորդ անգամ՝ 2022 թվականի նոյեմբերի 18-ին։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայում միայն վերջերս են պաշտոնապես հրապարակել առաջնորդի դստեր լուսանկարը։ Երկրի պետական հեռուստաընկերությունը հրապարակել է «Հվասոն 17» հրթիռի արձակման ընթացքում արված լուսանկարներ, որոնցում Կիմ Չեն Ընի հետ ձեռք ձեռքի պատկերված է նաև դեռահաս մի աղջիկ։
Մինչ այս պաշտոնական Փհենյանը գրեթե որևէ տեղեկություն չէր հաղորդում երկրի ղեկավարի անձնական կյանքի մասին։ Տարիներ առաջ միայն պաշտոնական աղբյուրները բացահայտել էին նրա կնոջ ինքնությունը, որը նույնպես ներկա է եղել բալիստիկ հրթիռի արձակմանը։