Ռուբեն Մելքոնյան, Մհեր Սահակյան, Սայաթ Շիրինյան․ մանդատները վերցնելու վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեն «Հայաստան» դաշինքի ցուցակի թեկնածուները
Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը վայր են դնում պատգամավորական մանդատները․ «Վերածնվող Հայաստան» դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։ Այս մասին կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ։
Ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի, վերջերս պատգամավորական մանդատից հրաժարված Արամ Վարդևանյանին կփոխարինի Ռիմա Ղազարյանը, իսկ այսօր մանդատները վայր դրած պատգամավորներին, փոխարինելու են հետևյալ անձինք․
37. Ռուբեն Մելքոնյան
38. Մհեր Սահակյան
39. Մարիա Պետրոսյան։
40.Սայաթ Շիրինյան
Մարիա Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կուսակցության կողմից որոշման կայացմանը մասնակցել է նաև ինքը, ուստի մանդատը չի վերցնելու։
Այսինքն, երեք անձինք, ովքեր, ըստ ցուցակի, կարող են վերցնել պատգամավորների մանդատները ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն է, ՀՅԴ–ական Մհեր Սահակյանը և ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։
Ռուբեն Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում՝ պատգամավորի մանդատը վերցնելու հարցին ի պատասխան, ասաց․ «Երբ իրավական կարգավորումները սկսվեն, և հերթը պաշտոնապես հասնի ինձ, այդ ժամանակ կմեկնաբանեմ՝ կվերցնե՞մ պատգամավորական մանդատը, թե՞ ոչ։ Երբ գա ժամանակը, հանդես կգամ հայտարարությամբ»։
Սայաթ Շիրինյանը Tert.am-ի հետ զրույցում նույն հարցին ի պատասխան ասաց․ «Այժմ Հայաստանում չեմ, կգամ՝ կմեկնաբանեմ»։
Մհեր Սահակյանն էլ Tert.am–ի հետ զրույցում ասաց․ «Քաղաքում չեմ, դեռ ընկերներիս հետ չեմ քննարկել այդ հարցը, դիրքորոշում չունեմ»։
Ի դեպ, նաև կանանց թվաքանակի ապահովման հարց կա խորհրդարանում, և կարող են այլ թեկնածուներ լինել։










