Այսուհետ Դանիայում կորոնավիրուսը համարվելու է գրիպի կամ սովորական մրսածության պես հիվանդություն
Հինգշաբթի օրվանից Դանիայի առողջապահության վարչությունը որոշել է COVID-19-ը համարել հատուկ միջոցներ չպահանջող հիվանդություն, ինչպես գրիպը կամ սովորական մրսածությունը։ Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով COVID-19-ով հոսպիտալացվածների կայուն թիվը, բնակչության պատվաստումների բարձր տոկոսը և «Oմիկրոն» տարբերակի՝ ավելի թեթև հիվանդություն առաջացնելու փաստը։
«Եթե ձեզ հիվանդ եք զգում, դուք պետք է մնաք տանը՝ անկախ ենթադրություններից՝ դա COVID է, գրիպ կամ որևէ այլ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա», - ասվում է առողջապահության վարչության մամուլի հաղորդագրության մեջ։
Վարչությունն այժմ խորհուրդ է տալիս թեստավորել միայն այն դեպքում, եթե ի հայտ են եկել ախտանշաններ, եթե հիվանդը ռիսկային խմբում է կամ եթե թեստավորումն անմիջականորեն կապված է բուժման հետ: Բացի այդ, այլևս չկան առաջարկություններ մեկուսացման վերաբերյալ՝ COVID-19-ի դրական թեստից հետո։










