FTX կրիպտոբորսայի հիմնադիր Սեմ Բենկմեն Ֆրիդը ձերբակալվել է Բահամյան կղզիներում
Բահամյան կղզիների իշխանությունները, ԱՄՆ-ի խնդրանքով, ձերբակալել են սնանկության մասին հայտարարած FTX կրիպտոարժույթի բորսայի նախկին ղեկավար և հիմնադիր Սեմ Բենկմեն Ֆրիդին։ Ենթադրվում է, որ ԱՄՆ-ն կպահանջի գործարարի արտահանձնումը, գրում է BBC-ն:
Բենկմեն Ֆրիդը կալանավորվել է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազության կողմից ներկայացված գաղտնի մեղադրական եզրակացության հիման վրա: Երեքշաբթի սպասվում է մեղադրական եզրակացության գաղտնազերծում։
Ըստ The New York Times-ի՝ Բենկմեն Ֆրիդը մեղադրվում է արժեթղթերի խարդախության և փողերի լվացման համար։
Աղբյուրը գրում է, որ Բենկմեն Ֆրիդը կրիպտոարժույթների ասպարեզի աստղն էր. ընդամենը երկու ամիս առաջ Forbes ամսագիրը 30-ամյա կրիպտոգործարարի մաքուր կարողությունը գնահատել էր մոտ 17 միլիարդ դոլար:
Նոյեմբերին FTX կրիպտոարժույթի բորսան՝ աշխարհում երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթի բորսան, սնանկության դիմում ներկայացրեց ԱՄՆ-ում, իսկ Բենկմեն Ֆրիդը լքեց գլխավոր տնօրենի պաշտոնը:Նոյեմբերի սկզբին FTX-ի հաճախորդները սկսեցին զանգվածաբար միջոցներ հանել իրենց հաշիվներից, քանի որ լուրեր էին շրջանառվում, որ FTX-ը և Բենկմեն Ֆրիդի կողմից ղեկավարվող այլ ընկերությունները գտնվում են անորոշ ֆինանսական վիճակում:Բենկմեն Ֆրիդը փորձեց փրկել FTX-ը՝ հուսալով, որ Binance-ը՝ կրիպտոարժույթի ամենամեծ բորսան և հիմնական մրցակիցը, կգնի այն։ Սակայն Binance-ը դուրս եկավ գործարքից:










