Եթե աշխարհը թուլացնի աջակցությունն Ուկրաինային, Պուտինը կօգտագործի ցանկացած զենք. Զելենսկին՝ միջուկային զենքի օգտագործման մասին
Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանա միջուկային զենք կիրառել, նա կօգտագործի այն, անկախ նրանից, թե Ուկրաինան ինչ քայլեր է ձեռնարկում։
Ինչպես նշում է ՌԲԿ «Ուկրաինա»-ն՝ այս մասին ասել է երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկին՝ ֆրանսիական TF1 և LCI հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Եթե Պուտինը ինչ-որ պահի որոշի միջուկային զենք օգտագործել, դա կախված չի լինի նրանից, թե արդյոք Զելենսկին ցանկանում է հետ վերցնել Ղրիմ», - ասել է նախագահը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ դա կապված չէ Ուկրաինայի քայլերի հետ։
«Պուտինը, եթե ցանկանա միջուկային զենք օգտագործել, կօգտագործի այն... Պարզապես չի կարելի վստահել մարդկանց, որոնք ինչ-որ բան են ասում, բայց վարվում են այնպես, ինչպես իրենք են որոշել»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ Պուտինը գործում է այնպես, ինչպես իրեն հարմար է։
«Եվ եթե աշխարհը թուլացնի աջակցությունն Ուկրաինային, նա կօգտագործի ցանկացած զենք»,- հավելել է Զելենսկին։










