Aerosmith խմբի մենակատար Սթիվեն Թայլերին մեղադրել են անչափահասի բռնաբարության համար
Ամերիկյան Aerosmith ռոք խմբի մենակատար Սթիվեն Թայլերին մեղադրանք է ներկայացվել անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, հայտնում է Deadline-ը։
Ըստ տուժող Ջուլիա Հոլքոմբի՝ նա հանդիպել է Aerosmith խմբի ֆրոնտմենի հետ 1973-1976 թվականներին: Այդ ժամանակ նա 16 տարեկան էր, իսկ Թայլերը՝ 25։
Հայցում երաժիշտը մեղադրվում է սեռական բռնության, ծեծի և դիտավորությամբ բարոյական վնաս պատճառելու համար։
Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն՝ նման դեպքերի վաղեմության ժամկետը ժամանակավորապես հանվել է մանկության և պատանեկության բռնությունից վերապրածների համար:
Հոլքոմբը նաև պատմել է, որ 17 տարեկանում հղիացել է Թայլերից, սակայն երաժիշտը ստիպել է իրեն աբորտ անել՝ սպառնալով խզել հարաբերությունները, եթե որոշի պահել երեխային։
Ինքը՝ ռոքերը, հրապարակավ խոսել է այս հարաբերությունների մասին։ Անձնական հուշագրության մեջ նա խոստովանել է, որ «գրեթե ամուսնացել է դեռահաս աղջկա հետ», որի ծնողները հավանություն են տվել իրենց հարաբերություններին և Թայլերին առաջարկել են ժամանակավոր խնամակալություն վերցնել իրենց դստեր նկատմամբ, որպեսզի նրան չմեղադրեն մանկապղծության համար։










