Նյու Յորքում օրինականացվել է հանգուցյալների կոմպոստացումը

19:33 • 01.01.23

Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոչուլը հունվարի 1-ին օրինականացրել է մարդկային մարմինների կոմպոստացումը (կոմպոստ՝ միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ), հայտնում է CBS News-ը։

Նյու Յորք նահանգը վեցերորդն է ԱՄՆ-ում, որը օրինականացրել է մահից հետո հանգուցյալի թաղմանն ու դիակիզմանը որպես այլընտրանքային միջոց համարվող կոմպոստացումը:

Մարդկային կոմպոստացումն արվում է հանգուցյալի մարմինն ավելի կարճ ժամկետում հող դարձնելու համար: Գործընթացը կատարվում է 30 օրվա ընթացքում: Մահացածի մարմինը տեղադրվում է հատուկ բույսով, փայտի տաշեղներով և ծղոտով լի պողպատե վեցանկյուն տարայի մեջ, և մեկ ամսվա ընթացքում դին հողի է վերածվում, որը, ըստ փորձարկումների, տեսքով «ոչ այլ ինչ է, քան պարզապես հող»: Կոմպոստացման ավարտից հետո հանգուցյալի հարազատներին թույլ է տրվում պահել կամ շաղ տալ հողը, ինչպես արվում է դիակիզման դեպքում, կամ օգտագործել այն ծառեր ու բույսեր աճեցնելու համար:

Նյու Յորքի ղեկավարությունը, որտեղ ազատ հողակտորների սակավություն կա, սա համարում են սովորական թաղման լավ այլընտրանք: Սակայն Նյու Յորք նահանգի կաթոլիկ կոնֆերանսը՝ ի դեմս նահանգի եպիսկոպոսների, դեմ է արտահայտվել օրինագծին։

«Մարդկային մարմինները կենցաղային աղբ չեն, և մենք չենք հավատում, որ այս գործընթացը համապատասխանում է մեր երկրային մնացորդների նկատմամբ ակնածանքով վերաբերվելու չափանիշներին», - ասել է Կաթոլիկ կոնֆերանսի գործադիր տնօրեն Դենիս Փոստը:

Առաջին նահանգը, որն օրինականացրել է մարդկանց կոմպոստացումը, եղել է Վաշինգտոնը՝ 2019 թվականին, որին հաջորդել են Կոլորադոն, Օրեգոնը, Վերմոնտը, Կալիֆոռնիան:

 










 

Նյու Յորքում օրինականացվել է հանգուցյալների կոմպոստացումը