Թալիբները ներկայացրել են Աֆղանստանի պատմության մեջ առաջին սուպերքարի նախատիպը (տեսանյութ)

16:10 • 12.01.23

ENTOP ընկերության աֆղանստանցի մասնագետները ստեղծել են երկրի պատմության մեջ առաջին սուպերքարի նախատիպը՝ Mada 9-ը, հաղորդում է ToloNews հեռուստաալիքը։

Մեքենան ստեղծելու համար ինժեներներից պահանջվել է հինգ տարի։

2021 թվականից Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժման խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդը սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է մեքենայի լուսանկարը և գրել, որ Mada 9-ը հպարտություն է իր երկրի համար և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատել են դրա վրա։

Իր հերթին ENTOP-ի ղեկավար Մոհամմադ Ռիզա Ահմադին նշել է, որ սուպերքարը պետք է բարձրացնի Աֆղանստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։

Mada 9-ի տեխնիկական բնութագրերը դեռ հայտնի չեն։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ սուպերքարի մեջ տեղադրված է Toyota Corolla-ից լրամշակված էներգաբլոկ։ Հետագայում նախատեսվում է մեքենան համալրել էլեկտրական շարժիչով։

Սուպերքարի թափքը պատրաստված է կոմպոզիտային նյութերից։ Մոտ ապագայում Mada 9-ը կփորձարկվի։ Մեքենան կառաջարկվի տեղական շուկայում, սակայն հնարավոր է, որ այն նաև արտահանվի։

Afghanistan

Թալիբները ներկայացրել են Աֆղանստանի պատմության մեջ առաջին սուպերքարի նախատիպը (տեսանյութ)