Գիտնականները Հնդկաստանում պեղումների ժամանակ հայտնաբերել են դինոզավրի 256 քարացած ձու

17:07 • 20.01.23

Դելիի համալսարանի գիտնականները Հնդկաստանում պեղումների ժամանակ հայտնաբերել են դինոզավրի 256 քարացած ձու՝ 92 բնում: Այս մասին հայտնում է PLOS One-ը։

Ձվերը պատկանում էին տիտանոզավրերին՝ ամենամեծ բուսակեր դինոզավրերին, որոնք ապրել են կավճի ժամանակաշրջանում։ Այս կենդանիների մարմնի երկարությունը հասնում էր ավելի քան տասը մետրի:

Նշվում է, որ հայտնաբերված ձվերը պատկանում են տիտանոզավրերի վեց տարբեր տեսակի։ Սա վկայում է հնդկական թերակղզում դինոզավրերի մեծ բազմազանության մասին:

Այսպիսով, գտածոն օգնել է գիտնականներին նոր տվյալներ ձեռք բերել հսկա բուսակերների վերարտադրողական սովորությունների վերաբերյալ։ Օրինակ նրանք պարզել են, որ տիտանոզավրերը ձվադրել են ժամանակակից կոկորդիլոսների նման:

Ձվադրելուց հետո մայրը, ամենայն հավանականությամբ, հեռացել է։ Ձագերը, ծնվելով, նույնպես հեռացել են այդ տարածքից. գիտնականները նման եզրակացության են եկել, քանի որ տվյալ տեղանքում փոքր դինոզավրերի շատ քիչ մնացորդներ են գտել:




Գիտնականները Հնդկաստանում պեղումների ժամանակ հայտնաբերել են դինոզավրի 256 քարացած ձու