Ամերիկայում գործարարը հարուստ է, նույնը Հայաստանի մասին ասել չենք կարող. Թարվերդյանը՝ ԱՄՆ այցելության նպատակների մասին. «Հայկական ժամանակ»

16:58 • 28.01.23

«Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ իր վերջին այցելությունն ԱՄՆ նպատակ էր հետապնդում տեղի մի շարք քաղաքներում ուսումնասիրություններ անցկացնել՝ թե՛ որպես քաղաքացի, թե՛ գործարար: Վերջինս ցանկացել է ավելի խոր հասկանալ ԱՄՆ կառավարման համակարգը, դրա դրական և բացասական կողմերը, և թե ինչ կարող է ՀՀ-ն վերցնել այդ ամենից և կիրառել իր գործիքակազմում:

«Հաշվի առնելով այն, որ մենք ունենք Սփյուռք՝ մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի բազմաբևեռ՝ աշխարհի բոլոր երկրների հետ՝ ի նպաստ Հայաստանի: Բացի դա, միայն Կալիֆոռնիայի նահանգում ապրում է 800 հազար հայ, որն էլ իր տնտեսական հզորությամբ առաջատարներից է: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին՝ ինձ հետաքրքիր էին խիստ հայաբնակ Լոս Անջելեսի կառավարման որոշակի մոդելները: Սովետմիության փլուզումից հետո շատ երևույթներ Հայաստանում մնացել են սովետական էլեմենտներով, սակայն փաստն այն է, որ ժամանակակից աշխարհը զարգանում է, ոչ թե մնում նույն տեղում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում նկատում է նա՝ հավելելով՝ մենք շատ ենք խոսում Սփյուռքի մասին, բայց այն չենք կարևորում անհրաժեշտ չափով:

 
Վերջինս, համեմատականներ տանելով հայաստանյան և ամերիկյան կառավարման համակարգերի միջև, ընդգծում է դրանց տարբերությունները՝ ասելով՝ ԱՄՆ-ում տնտեսական զարգացման հիմքում ընկած է բիզնեսը, սակայն նույնը չենք կարող ասել Հայաստանի մասով:

Ըստ զրուցակցի՝ ԱՄՆ-ում ժողովրդավարական համակարգն արդեն հարյուրամյակներ է, ինչ գործում է, որի շնորհիվ էլ երկրում բավականին զարգացած է բիզնեսը:

«Ամերիկայում գործարարը հարուստ է, իսկ նույնն ասել Հայաստանի մասին չենք կարող: Ամերիկայում գործարարը չի վախենում պետական վերահսկող մարմիններից, նա վախենում է իր և իր աշխատողի քաղաքացիաիրավական հարաբերությունները ճիշտ պահելուց: Բացի դա, համեմատելի չեն նաև ամերիկյան և հայաստանյան բանկային համակարգերը. մի շարք ծրագրեր Հայաստանում չեն ֆինանսավորվում, որովհետև բանկերն ի վիճակի չեն անգամ մեկ գործարարի մեծ ֆինանսավորում տրամադրել: Մեր պարագայում անգամ հանրային տրանսպորտի գործելը լավ վիճակում չէ, որը կարող է կարգավորել քաղաքապետարանը: Ամերիկայի քաղաքային իշխանությունը հետևում է նաև նրան, որ քաղաքը լինի ապահով և մաքուր»,- ասում է նա:

Թարվերդյանի խոսքով՝ մենք ունենք ազգային առանձնահատկություններ, որոնք կարող ենք համադրել ամերիկյան կառավարման այն էլեմենտների հետ, որոնք կարող են աշխատել նաև Հայաստանում:

Անդրադառնալով Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանի հետ հանդիպմանը՝ քաղաքական գործիչն ասում է՝ վերջինս զարմացել է և շոյվել իր այն վերաբերմունքից, երբ հարցրել է, թե ինչ է ակնկալում Սփյուռքը Հայաստանից:

«Ճիշտ է, ես խուսափեցի դա հանրայնացնել, սակայն փաստ է, որ նա իրոք զարմացել էր և ասում էր, որ առաջին անգամն է, երբ հարցնում են՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն: Ես սա բացատրեցի այն համատեքստում, որ ընկերության մեջ կապ չունի՝ Սփյուռք-Հայաստան, թե Հայաստան-Ամերիկա կամ այլն: Երբ որևէ բան տալիս ես, պետք է որևէ բան էլ հետ ստանաս, նույնն էլ՝ հակառակը: Թերևս զարմանքից նա չկարողացավ տալ իմ հարցի պատասխանը՝ ասելով, որ անպայման կմտածի այդ ուղղությամբ և կպատասխանի»,- մանրամասնում է Թարվերդյանը:

Անդրադառնալով Սփյուռքի շրջանում հայերենը զարգացնելուն՝ ասում է՝ եթե ուզում ենք՝ Սփյուռքը հայերեն խոսի, պետք է զբաղվել հայկական դպրոցներ բացելու գործով. «Մենք պետք է գոնե որպես ներդրող Սփյուռքում փորձենք հայկական դպրոցներ բացել, որն ամեն առումով շատ լավ ծրագիր կլինի: Մեր լեզուն ամենակարևորներից է, որի շուրջ պետք է համախմբվի ողջ հայությունը»:

Թարվերդյան իր ԱՄՆ այցելության ժամանակ հանդիպել է նաև տեղի ակտիվ հասարակական խավի հետ. «Մենք պետք է որպես ազգ խելացի լինենք և այնպես անենք, որ տեղի կառավարման մարմիններում հայեր ընտրվեն, որպեսզի ոչ միայն հետագայում իրենց հետ համագործակցենք, այլև որ իրենք էլ ապրեն ավելի հարմարավետ պայմաններում»:

Զրուցակիցը, անդրադառնալով նաև այն խնդրին, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ՀՀ հյուպատոսությունը չունի գլխավոր հյուպատոս, խիստ բացասական է գնահատում դա:

«Ամբողջ աշխարհում աշխատողը դեֆիցիտ է, բայց՝ անհրաժեշտ: Ինչպե՞ս կարող է 800 հազար բնակչություն ունեցող Կալիֆոռնիայում չլինել ՀՀ գլխավոր հյուպատոս, ով կկարգավորի և կհամակարգի տեղի բնակիչների խնդիրները: ՀՀ դեսպանն էլ անգամ հանդիպումներ չի նախաձեռնում: Եթե այդպես է, թող նրան փոխեն, այլ մարդու նշանակեն, ով կզբաղվի այս գործով»,- ասում է նա:

Թարվերդյանը նաև հավելում է՝ ԱՄՆ հայ համայնքը խորապես մտահոգված է ադրբեջանական ագրեսիայի և Լաչինի միջանցքի փակ լինելու հետ կապված:

«Ցավալի է, որ այս հարցում մենք չենք օգտագործում ողջ հայության ռեսուրսը: Եթե մեր դեսպանը չի հանդիպել Գլենդելի քաղաքապետի հետ, որն ազգությամբ հայ է, ապա ինչպես կարող ենք իմանալ, թե որքան ռեսուրս ունի Սփյուռքն ԱՄՆ-ում, որոնք կարող ենք օգտագործել՝ ի նպաստ մեր հայրենիքի: Ի վերջո, դիվանագիտությունը մարդկային շփումների արդյունք է. ինչքան շփում, այդքան նոր հնարավորություններ»,- ընդգծում է նա: