ՆԱՍԱ-ն հրապարակել է դեպի Լուսին առաքելության մասնակիցների անունները
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է չորս տիեզերագնացի անունները, որոնք ակնկալվում է, որ 2024 թվականին «Արտեմիս 2» առաքելության շրջանակում պտույտ կկատարեն Լուսնի շուրջը։
Լուսնային առաքելության կազմում ներառվել է երեք ամերիկացի՝ Քրիստինա Կոխը, Վիկտոր Գլովերը և Ռիդ Ուայզմանը, ինչպես նաև կանադացի Ջերեմի Հանսենը:
ՆԱՍԱ-ն ընդգծել է, որ տիեզերագնացները կլինեն առաջին մարդիկ, որոնք դեպի Լուսին կթռնեն վերջին ավելի քան 50 տարվա ընթացքում։ Լուսնային առաքելության անձնակազմում առաջին անգամ կլինեն կին, աֆրոամերիկացի և կանադացի։
The New York Times-ը գրում է, որ թռիչքը դեպի Լուսին տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերից ոչ շուտ։ «Արտեմիս 2» լուսնային առաքելությունը կտևի տաս օր։
Արձակումից հետո SLS հրթիռակրի երկրորդ աստիճանը Orion տիեզերանավը դուրս կբերի էլիպսաձև ուղեծիր: Այդ ժամանակ տիեզերանավը կմոտենա Լուսնին, բայց չի մտնի նրա ուղեծիր, փոխարենը, օգտագործելով լուսնային ձգողականությունը, կվերադառնա Երկիր։ Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 21-ին «Արտեմիս 1» առաքելության Orion տիեզերանավը հնարավորինս մոտեցավ Lուսնին։










