Մասկը հաստատել է, որ ChatGPT չաթբոտին մրցակից կստեղծի
Միլիարդատեր, SpaceX, Tesla Inc., Twitter ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կգործարկի արհեստական բանականության (Artificial intelligence) TruthGPT կոչվող հարթակ՝ մարտահրավեր նետելու Microsoft-ին և Google-ին։
Նա քննադատել է OpenAI-ին՝ ChatGPT չաթբոտը ստեղծած ընկերությանը, նշելով, որ այն այժմ դարձել է «շահույթ հետապնդող» կազմակերպություն, «Microsoft-ին սերտ դաշնակից»:
Մասկը նաև մեղադրել է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջին արհեստական բանականության անվտանգությանը լուրջ չվերաբերվելու համար:
«Ես պատրաստվում եմ սկսել մի բան, որն անվանում եմ TruthGPT կամ առավելագույն ճշմարտություն որոնող արհեստական բանականություն, որը փորձում է հասկանալ տիեզերքի բնույթը», - ասել է Մասկը ամերիկյան Fox News-ի հաղորադավար Թաքեր Քարլսոնին տված հարցազրույցում։
Reuters-ը գրել է, որ OpenAI-ը, Microsoft-ը և Լարի Փեյջը անմիջապես չեն արձագանքել իր մեկնաբանություններին։
Աղբյուրը մանրամասնում է, որ Մասկը Google-ից «որսում է» արհեստական բանականության հետազոտողներին՝ OpenAI-ի մրցակից ստարտափ ստեղծելու համար: Այս մասին Reuters-ին հայտնել են հարցին ծանոթ մարդիկ:
«Անցյալ ամիս Մասկը գրանցել է X.AI Corp կոչվող ընկերություն, որը գրանցված է Նևադայում, ըստ նահանգի փաստաթղթերի: Ընկերությունը Մասկին նշել է որպես միակ տնօրեն, իսկ Ջարեդ Բիրչալին՝ Մասկի ընտանեկան գրասենյակի (family office - ընտանեկան գույքի և այլ ակտիվների կառավարման հետ կապված ընտանիքներին ծառայություններ մատուցող մասնավոր ու անկախ կազմակերպություն) գործադիր տնօրենին՝ որպես քարտուղար»,- նշել է Reuters-ը:










