«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան կենտրոնը» կհամագործակցեն Երևանի զարգացման նախագծերի իրականացման շուրջ (տեսանյութ)

20:45 • 04.05.23

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան կենտրոնը» մեկնարկում են «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագիծը։

Վերջինիս մեկնարկն ազդարարվեց համագործակցության հուշագրի կնքմամբ, որը տեղի ունեցավ «Արթուր Թարխանյան կենտրոնում»։ Հուշագիրը ստորագրեցին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և «Արթուր Թարխանյան կենտրոնի» հիմնադիր տնօրեն Անահիտ Թարխանյանը։  Հուշագրում նախանշված նախագծերի իրականացմանն իր աջակցությունն է ցուցաբերելու «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։

Հաշվի առնելով «Արթուր Թարխանյան կենտրոնի»՝ Երևան քաղաքի ճարտարապետության ոլորտում նշանակալի ներդրումը, նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել Երևանում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը, համադրելով երկու թիմերի ռեսուրսները և Երևանի զարգացման շուրջ տեսլականները՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան կենտրոն» հասարակական կազմակերպությունը հուշագրով համագործակցելու են Երևան քաղաքի համար ռազմավարական նշանակության ծրագրեր, նախագծեր կազմելու և դրանք մասնագիտական, հանրային քննարկման ներկայացնելու շուրջ։

Առաջին փուլով նախատեսվում են հետևյալ նախագծերը՝

·    Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծ՝ համահայկական երիտասարդական կենտրոնի ստեղծում

·    Զվարթնոց օդանավակայանի արդիականացում Երևանի զբոսաշրջության հնարավորությունների ընդլայնման նպատակով և միացում մետրոյին

·    Հաղթանակի զբոսայգու և ճոպանուղու նախագիծ՝  IDeA հիմնադրամի աջակցությամբ

·    Փակ հետիոտնային գոտիների ստեղծում Երևանի կենտրոնում

·    Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում ռեկրեացիոն կենտրոնների և զբոսայգիների ստեղծում

Հուշագրի ստորագրման միջոցառմանը ներկա էին ճարտարապետության, արվեստի, մշակույթի, տնտեսագիտական, բիզնես հանրույթի ներկայացուցիչներ, ԶԼՄ-եր և այլ կառույցներից ներկայացուցիչներ՝ քննարկելու մայրաքաղաքի զարգացման տեսլականը, հնարավորություններն ու համագործակցության ուղիները։

 

 

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան կենտրոնը» կհամագործակցեն Երևանի զարգացման նախագծերի իրականացման շուրջ (տեսանյութ)