Rimac Nevera հիպերքարը մեկ օրում սահմանել է 23 համաշխարհային ռեկորդ (տեսանյութ)
Rimac մեքենաշինական ընկերությունը Nevera հիպերքարով մեկ օրում սահմանել է 23 համաշխարհային ռեկորդ, հայտնում է kommersant.ru-ն:
Գերմանական Պապենբուրգ քաղաքում գտնվող Automotive Testing Papenburg փորձարկման վայրում 4 կիլոմետր երկարությամբ ուղիղ ճանապարհին էլեկտրական մեքենան փորձարկվել է արագացման և արգելակման դինամիկայի համար:Արդյունքները գրանցելու համար ներգրավվել են Dewesoft-ի և RaceLogic-ի մասնագետները, որոնք անկախ չափումներ են անցկացրել, արդյունքում հաշվի են առնվել միջին ցուցանիշները։
1914 ձիաուժ հզորությամբ կուպեն օրվա ընթացքում սահմանել է ավելի քան 20 ռեկորդ. 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն Rimac Nevera-ն զարգացրել է 1,81 վայրկյանում (0-200 կմ/ժ արագացումը տևել է 4,42 վայրկյան, 0-300 կմ/ժ՝ 9,22 վայրկյան):
Մյուս ռեկորդները ներառում են քառորդ մղոնի հաղթահարումը 8,25 վայրկյանում և տեղից արագացումը մինչև 400 կմ/ժ, իսկ այնուհետև արգելակումը մինչև լրիվ կանգառը 29,93 վայրկյանում:
Հիշեցնենք, որ սերիական Rimac Nevera-ի պրեմիերան կայացել է 2021 թվականի ամռանը։ Էլեկտրամոբիլը կարտադրվի 150 օրինակով։










