G7-ի պաշտոնյաները Հերոսիմայում հաջորդ շաբաթ կանցկացնեն արհեստական բանականության խնդրի կարգավորման վերաբերյալ առաջին հանդիպումը
Յոթնյակի խմբի (G7) երկրների պաշտոնյաները կհանդիպեն հաջորդ շաբաթ՝ քննարկելու գեներատիվ արհեստական բանականության (AI) գործիքների հետ կապված խնդիրները, ինչպիսին է օրինակ՝ ChatGPT-ն։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի ներքին գործերի և կապի նախարար Տակեակի Մացումոտոն, գրել է Reuters-ը։
G7-ի առաջնորդները, որոնց թվում են Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունն ու Ճապոնիան, անցյալ շաբաթ պայմանավորվել են ստեղծել միջկառավարական ֆորում, որը կոչվում է «Հերոսիմայի AI գործընթաց»՝ քննարկելու արագ զարգացող AI գործիքների շուրջ խնդիրները:
«G7-ի կառավարության պաշտոնյաները մայիսի 30-ին կանցկացնեն աշխատանքային մակարդակով AI-ին վերաբերող առաջին հանդիպումն ու կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են մտավոր սեփականության պաշտպանությունը, ապատեղեկատվությունը և ինչպես պետք է կառավարվի տեխնոլոգիան»,- ասել է Ճապոնիայի կապի նախարարը։
Հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում տեխնոլոգիական կարգավորիչները գնահատում են հայտնի AI ծառայությունների ազդեցությունը, ինչպիսին է ChatGPT-ն Microsoft-ի կողմից աջակցվող OpenAI-ի կողմից:
ԵՄ-ն մոտենում է AI-ի վերաբերյալ աշխարհում առաջին խոշոր օրենսդրության ընդունմանը, որը ոգեշնչում է այլ կառավարություններին մտածել, թե ինչ կանոններ պետք է կիրառվեն AI գործիքների նկատմամբ:
Ճապոնիան, որպես G7-ի այս տարվա նախագահող երկիր, «կղեկավարի G7-ի քննարկումը գեներատիվ AI տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման վերաբերյալ», - ասել է Մացումոտոն՝ հավելելով, որ ֆորումը հույս ունի մինչև տարեվերջ առաջարկություններ ներկայացնել պետությունների ղեկավարների համար:










