ԱՄՆ դերասանների գիլդիան պայմանավորվել է գործադուլ սկսել

16:22 • 06.06.23

ԱՄՆ դերասանների գիլդիայի (ԱՄՆ-ի հեռուստատեսության և ռադիոյի արտիստների ֆեդերացիա, SAG-AFTRA) անդամները քվեարկել են գործադուլ սկսելու օգտին, եթե կինոստուդիաների, հեռուստաընկերությունների և հոսքային ծառայությունների հետ աշխատանքային նոր պայմանների համաձայնագրի շուրջ բանակցությունները ցանկալի արդյունքի չտան, գրում է kommersant.ru-ն:

Քվեարկությանը մասնակցել է կազմակերպության գրեթե 65 հազար անդամ, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների թվի 47,69%-ը։

SAG-AFTRA-ն պետք է Կինոֆիլմերի և հեռուստատեսության պրոդյուսերների դաշինքի (AMPTP) հետ բանակցություններ վարի չորեքշաբթի՝ հունիսի 7-ին: Դերասանների գիլդիան ճնշում կգործադրի AMPTP-ի վրա՝ բարելավելու աշխատանքային պայմանները, բարձրացնելու աշխատավարձերն ու վճարները և երաշխավորելու, որ ապագայում դերասանները չեն փոխարինվի արհեստական բանականությամբ:

Այս տարեսկզբին նմանատիպ պահանջներ էր ներկայացրել Ամերիկայի սցենարիստների գիլդիան։ Նրա բանակցությունները կինոստուդիաների և հեռուստաընկերությունների հետ անհաջող են անցել, և այդ պատճառով արհմիության անդամները մայիսի 2-ին սկսել են անժամկետ գործադուլ, որը շարունակվում է մինչ օրս։ Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիային հաջողվել է համաձայնության գալ AMPTP-ի հետ։




ԱՄՆ դերասանների գիլդիան պայմանավորվել է գործադուլ սկսել