Լոս Անջելեսյան բեմում՝ Կոմիտաս․ Էդգար Խաչատրյանի ներկայացմամբ
Առաջին անգամ Լոս Անջելեսում իր տեսակի մեջ եզակի մեծ միջոցառում է սպասվում։ Մինչ այս նման մասշտաբի միջոցառում չի եղել օվկիանոսից այն կողմ։ Երաժշտասեր հանրությանը ներկայացվելու է Կոմիտաս։ Այն լոկ համերգ չի լինելու, այլ ավելի բնորոշ է լինելու երաժշտական ներկայացման ժանրին։ Կազմակերպիչները դեռ շատ փակագծեր չեն բացում, բայց հայտնի է, որ Կոմիտասի դերերգը վստահվել է ժողովրդական և օպերային երգիչ Էդգար Խաչատրյանին։ Ընտրությունը պատահական չէ, որ հենց նրան է վստահվել այդ դերերգը։

Էդգարի յուրահատուկ ձայնի ու տեմբրի շնորհիվ Կոմիտասի ստեղծագործությունները նոր հնչողություն են ստանում։ Նրա կատարումները երբեք չեն վրիպել մասնագետների աչքից, քանի որ Կոմիտաս կատարելը բավականին դժվար է։ Նրա ստեղծագործություններում կա պարզություն, հետաքրքիր զգացողություն, միևնույն ժամանակ բարդ հոգեվիճակ։
Պետք է նշել, որ Կոմիտասի ստեղծագործությունները Էդգարի երգացանկում առանձնահատուկ տեղ են գրավում։ Նա իր յուրաքանչյուր համերգի ժամանակ հնչեցնում է Կոմիտաս՝հատկապես այն բեմերից, որտեղ հայ հանդիսատեսը քիչ թիվ է կազմում։ Սա ունի իր նպատակը՝ առավել քան ճանաչելի դարձնել Կոմիտասին՝ աշխարհի տարբեր բեմերից։
Հետևաբար Կոմիտասի դերերգով հանդես գալու համար պետք է ուսումնասիրած լինես նրա ամբողջ երգերի շտեմարանը։ Ի դեպ Էդգարն այն եզակի երգիչներից է, ում կոմիտասյան կատարումներն ընդգրկվել են «Նարեկացի» արվեստի միության կողմից հրատարակված «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» ձայնասկավառակում։
Արդեն երկու տարի է Էդգարը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Առաջին իսկ օրվանից ձեռնամուխ է եղել հայ երգի տարածման ու հանրահռչակման գործին։ Այսօր նա Գլենդելի մի քանի դպրոցներում պարբերաբար հրավիրվում է վարպետության դասընթացներ անցկացնելու համար։ Հայ և օտարազգի երեխաներին ծանոթացնում է Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործություններին, մեկնաբանում, կատարում աշխարհահռչակ օպերաներից և սիրված արիաներից հատվածներ:
Էդգար Խաչատրյանը այս տարիների ընթացքում համագործակցել ու աշխատել է տարբեր դիրիժորների, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական և սիմֆոնիկ նվագախմբերի, Հայաստանի ազգային նվագարանների, Գուսանական անսամբլի, Թաթուլ Ալթունյանի երգի պարի անսաբլի, Նարեկացի նվագախմբի և այլոց հետ։ 2011 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի՝ հայ ազգային երգարվեստում նշանակալի ավանդի համար:










