ВКонтакте-ի գլխավոր ու տեխնիկական տնօրենները կլքեն VK-ն. սոցցանցը կկառավարի կոլեգիալ մարմինը
ВКонтакте սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարինա Կրասնովան և VK հոլդինգի տեխնոլոգիաների և զարգացման փոխնախագահ, ВКонтакте-ի տեխնիկական տնօրեն Ալեքսանդր Տոբոլը որոշել են լքել ընկերությունը։ Այս մասին հայտնել է VK-ի մամուլի ծառայությունը։
Հուլիսի 3-ից սոցցանցը կկառավարի կոլեգիալ մարմինը՝ կառավարման թիմը, որի կազմում կլինեն VK բարձրագույն ղեկավարության և ВКонтакте-ի ղեկավարության ներկայացուցիչներ։ Կառավարման թիմը պատասխանատու կլինի գործառնական գործընթացների, ռազմավարական որոշումների կայացման ու սոցիալական ցանցի նոր ոլորտների զարգացման համար:
Կրասնովան ու Տոբոլը որոշել են «զբաղվել սեփական նախագծով»։
«Սոցիալական ցանցի կառավարման նորացված ձևաչափը արտացոլում է, թե ինչպես են ընդունվում ВКонтакте-ի հիմնական որոշումները: Այս մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունն ու թույլ կտա սոցցանցին շարունակել մեծացնել իր աուդիտորիան, ստեղծել ու բարելավել ծառայություններ օգտատերերի համար»,- ասել է VK-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Կիրիենկոն, որի խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը։










