Rheinmetall-ը Ուկրաինայում տանկեր կարտադրի և կվերանորոգի․ CNN

18:39 • 10.07.23

 

Գերմանական Rheinmetall կոնցեռնը երեք ամսվա ընթացքում Ուկրաինայում զրահատեխնիկայի արտադրության գործարան կբացի։ Այս մասին CNN-ին ասել է կոնցեռնի գործադիր տնօրեն Արմին Փափերգերը։

Փափերգերի խոսքերով՝ կազմակերպությունը նաև կպատրաստի ուկրաինացի զինվորներին գործարանում արտադրվող տանկերի և այլ զրահատեխնիկայի սպասարկման համար: Ձեռնարկությունը նախատեսվում է կառուցել երկրի արևմտյան հատվածում։ 

«(Ուկրաինացիները - Tert.am) պետք է օգնեն իրենք իրենց, եթե նրանք միշտ պետք է սպասեն, որ եվրոպացիները կամ ամերիկացիները օգնեն իրենց առաջիկա 10 կամ 20 տարիների ընթացքում… դա հնարավոր չէ»,- ասել է նա:

Ընկերությունն այս տարվա սկզբին Rheinische Post թերթին ասել էր, որ հույս ունի ուկրաինական հողում բացել 200 միլիոն եվրո (218 միլիոն դոլար) արժողությամբ գործարան, որը կարողանա տարեկան մոտ 400 տանկ արտադրել:

Փափերգերը հինգշաբթի ասել է, որ գործարանի աշխատակիցները կարտադրեն ու վերանորոգեն նաև Rheinmetall-ի Fuchs տեսակի զրահափոխադրիչներ։

 

 

Rheinmetall-ը Ուկրաինայում տանկեր կարտադրի և կվերանորոգի․ CNN