Մարդածին ռադիոհաճախականության միջամտությունն այլմոլորակայինից տարբերելու ունակությունն առանցքային գործոն է այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման համար․ գիտնականներ
Ռադիո և միկրոալիքային աստղագիտության նոր տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի ճշգրիտ որոշել՝ ստացված ազդանշանը տիեզերքից է գալիս, թե Երկրից։ Հայտարարել են Բերքլիի համալսարանի գիտնականները: Նրանց հոդվածը հասանելի է Astrophysical Journal-ում, գրել է РИА Новости-ն։
«Մենք ուսումնասիրել ենք տեխնոստորագրերի որոնման հնարավորությունը՝ որոշելով «ցինտիլացիաների» ինտենսիվության առկայությունն ու բնույթը, որոնք տեղի են ունենում միջաստղային միջավայրի անհանգիստ իոնացված պլազմայում»,- ասվում է հոդվածում։
««Թարթում», կամ ցինտիլացիա՝ լյումինեսցենտությունն է շրջակա միջավայրի և իոնացնող ճառագայթման փոխազդեցության մեջ։ Այս ցուցանիշի չափման տեխնոլոգիան է, որը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ բացահայտել աղբյուրն ընդունիչի վրա մարդածին միջամտության նվազագույն ազդեցությամբ»,- նշել են փորձագետները։
Հետազոտողների կարծիքով՝ մեր մոլորակի շատ օբյեկտներ ռադիոալիքներ և այլ ազդանշաններ են արձակում։ Ըստ անալոգիայի՝ այլմոլորակային քաղաքակրթությունները կարող են արձակել ճիշտ նույն նշանները, սակայն մեր սեփական ազդանշանները դժվարացնում են դրանք վերլուծելը: Հոդվածում նշվում է, որ մարդածին ռադիոհաճախականության միջամտությունն այլմոլորակայինից տարբերելու ունակությունն առանցքային գործոն է այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման համար:










