Թուփաքի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. տուն է խուզարկվել

19:24 • 19.07.23

Թուփաքի վերջին լուսանկարը, Սյուջ Նայթի հետ մեքենայում, որի վրա կրակել էին, 07․09․1996 

 

 

Ոստիկանությունը երկուշաբթի գիշերը խուզարկել է Լաս Վեգասի տարածքում գտնվող մի տուն, որը կապված է ամերիկացի ռեփեր Թուփակ Շաքուրի սպանության (այդ ժամանակ 25 տարեկան էր) երկար քննվող գործի հետ։ Գրել է ABC-ն՝ հղում անելով ոստիկանության տեղեկատվությանը։

Լաս Վեգասի ոստիկանության բաժանմունքը հաստատել է, խուզարկությունն իրականացվել է հուլիսի 17-ին Հենդերսոն քաղաքում։

Նաև Մաքավելի մականունով հայտնի ռեփերը մահացել է 1996 թվականի սեպտեմբերի 13-ին կրակոցների հետևանքով ստացած վնասվածքներից։

Լաս Վեգասում տեղի ունեցած սպանության գործով դետեկտիվներն ու դատախազները որոշել են, որ  բավականաչափ տեղեկատվություն ունեն երկուշաբթի երեկոյան դատարանի կողմից լիազորված խուզարկություն սկսելու համար, ABC News-ին հայտնել է հետաքննության մասին տեղեկացված պաշտոնյան:

Խուզարկությունն իրականացվել է ժամը 22։00-ի սահմաններում տեղական ժամանակով, Լաս Վեգասի ոստիկանության հատուկ զինված ու մարտավարության թիմով (SWAT): Խուզարկությունն իրականացվել է մեծ աղմուկով, ոստիկաններն օգտագործել են բարձախոսներ ու լույսեր: Քննիչների կողմից փնտրվող իրերի թվում են եղել ստացիոնար, դյուրակիր համակարգիչներ և հոդվածներ Թուփաքի և նրա մահվան մասին: Գործով ապացույցներն այժմ ներկայացվում են Լաս Վեգասի մեծ ատենակալներին:

Որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Սպասվում է, որ հետաքննությունը կշարունակվի շաբաթներ, ամիսներ: Քննիչները վաղուց ենթադրում էին, որ «Մաքավելիի» ուղղությամբ կրակած անձը, հավանաբար, արդեն մահացած է, սպանությունից 2 տարի անց դարձել է առանձին հրաձգության զոհ:

Ընթացիկ հետաքննությունը, հնարավոր է, հանգեցնի որոշման, թե ով է եղել մեքենայում զինված անձի հետ, երբ կրակոցները տեղի են ունեցել: Դա կարող է հանգեցնել նրան, որ ինչ-որ մեկին մեղադրեն որպես հանցակից: Սակայն անանուն մնացած պաշտոնյան ABC-ին ասել է, որ մեղադրանք ներկայացնելու որոշումներ դեռ չեն կայացվել։

Ամերիկացի ռեփերի սպանության հետաքննությունը, ավելի քան 20 տարի չավարտված մնալուց հետո, նոր թափ է ստացել 2018 թվականից հետո, ABC News-ին ասել է պաշտոնյան։

Դետեկտիվները նորից ներգրավվել են գործին այն բանից հետո, երբ Netflix-ը ցուցադրել է «Չլուծված. Թուփակի և Բիգիի սպանությունները» 2018-ին և «Քոմփթոնի փողոցային լեգենդը» գիրքը, որը հեղինակել է Դուան Քիթ Դևիսը՝ Քեֆֆ Դին։ Վերջինս ասել է, որ ինքը 1996 թվականին տեղի ունեցած կրակոցների 2 կենդանի ականատեսներից մեկն է։

Հիփ-հոփի հայտնի արտիստը գնդակահարվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում ու 6 օր անց մահացել հիվանդանոցում:

Թուփաքն իր երկարամյա երաժշտական գործընկեր, 1990-ականներին երաժշտության ազդեցիկ դեմքերից Սյուջ Նայթի հետ եղել էր Վեգասում՝ բռնցքամարտի հանդիպման (Բրյուս Սելդոնն ընդդեմ Մայք Թայսոնի, որը ռեփերի ընկերն էր), այն օրը, երբ իր վրա կրակել են: Նա եղել է սև BMW սեդանի մեջ Լաս Վեգասի բուլվարում, երբ սպիտակ Cadillac-ը կանգնել է կողքին ու կրակ բացել:

Գործով ձերբակալվածներ չկան։

Ամիսներ անց՝ 1997 թվականի մարտի 9-ին, ռեփեր Քրիստոֆեր Ուոլիսը`մականունը Notorious B.I.G., գնդակահարվել ու սպանվել էր Լոս Անջելեսում: Այս սպանությունը կապվում է Թուփաքի սպանության հետ ու նույնպես բացահայտված չէ: Նախկին ընկերներն այդ շրջանում թշնամական հարաբերություններ ունեին, այդ շրջանում հիփ-հոփ աշխարհը բաժանված էր Արևմտյան և Արևելյան ափերի։

 

 

 

Թուփաքի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. տուն է խուզարկվել