Հնդկական «Չանդրայան-3» կայանը հաջողությամբ դուրս է եկել Լուսնի ուղեծիր. այն պատրաստվում է վայրէջքի
Հնդկական «Չանդրայան-3» (Chandrayaan-3) կայանը հաջողությամբ դուրս է եկել Լուսնի ուղեծիր։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO):
Սարքը պետք է կատարի մի շարք ուղեծրային մանևրներ, մինչև լուսնագնացը շարժման համակարգով մոդուլից կառանձնանա և վայրէջք կկատարի Երկրի արբանյակի վրա, ինչը նախատեսված է օգոստոսի 23-ին։
Հիշեցնենք, որ LVM3 հրթիռակրի արձակումը՝ միջմոլորակային Chandrayaan-3 կայանով, կատարվել է հուլիսի 14-ին։
Կայանը բաղկացած է երեք բաղադրիչից՝ վայրէջքի մոդուլ, շարժիչային համակարգով մոդուլ և լուսնագնաց։
Եթե Հնդկաստանին հաջողվի բարեհաջող իրագործել կայանի վայրէջքը Լուսնի վրա, ապա այն կդառնա դեպի Լուսին սարք ուղարկած ու դրա բարեհաջող վայրէջքն իրականացրած չորրորդ երկիրն աշխարհում: Առայժմ դա հաջողվել է միայն Միացյալ Նահանգներին, նախկին Խորհրդային Միությանը և Չինաստանին: Այս տարվա սկզբին Ճապոնիայի փորձն ավարտվել է սարքի կործանմամբ:










