Չինաստանը գործարկել է արհեստական ​​մսի արտադրության առաջին գործարանը

15:51 • 10.08.23

Շանհայում գործող CellX ընկերությունը գործարկել է արհեստական մսի արտադրության առաջին, պիլոտային գործարանը, գրում է South China Morning Post-ը։

«Սրանից արված եզրակացությունները կօգտագործվեն մեր առևտրային արտադրական համալիրի համար, որը նախատեսում ենք ավարտել մինչև 2025 թվականը, և որը կկարողանա տարեկան հարյուրավոր տոննա արտադրանք տալ», - ասել է գործադիր տնօրեն Յանգ Ցզիլիանը:

Ձեռնարկությունն ունի երկու հազար լիտր ծավալով կենսառեակտոր։ Ժամանակի ընթացքում սարքավորումների քանակը կավելանա, իսկ արտադրության արժեքը կնվազի մինչև հարյուր դոլար մեկ կիլոգրամ մսի համար՝ պահպանելով բարձր որակը, ասվում է հրապարակման մեջ:

Այս տարվա վերջին CellX-ը կդիմի Միացյալ Նահանգներին և Սինգապուրին՝ արհեստական մսի վաճառքի թույլտվություն ստանալու համար, ասել է ընկերության գործադիր տնօրենը: Մինչ օրս լաբորատոր պայմաններում աճեցված մսի վաճառքը հաստատված է միայն այս երկրներում: Չինական ընկերությունը նախատեսում է միջազգային շուկա դուրս գալ մինչև 2025 թվականին։

Ըստ SCMP-ի՝ գործարանի փորձնական տարբերակի ստեղծումը որոշիչ պահ է Չինաստանի համար։ Երկիրը կանգնած է կենդանական սպիտակուցի աղբյուր գտնելու մարտահրավերի առաջ՝ 1,4 միլիարդ մարդու պարենային անվտանգությունն ապահովելու համար։





Չինաստանը գործարկել է արհեստական ​​մսի արտադրության առաջին գործարանը